«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն իր ծրագրերի շրջանակում ԱՀ Մարտունի քաղաքի և շրջանի դպրոցներին լաբորատոր սարքավորումներ է նվիրաբերել:
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը Մարտունու դպրոցներին լաբորատոր սարքավորումներ է նվիրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ծրագրից օգտվել են շրջանի շուրջ 29 դպրոցներ: Ընդհանուր առմամբ՝ նվիրաբերվել է 33 կոմպլեկտ սարքավորում:
«Բոլոր սարքավորումները պատրաստել է արևմտահայ գրող, արձակագիր Զապել Եսայանի թոռը: Դժբախտաբար, մենք չենք կարող այսօր մեր նվիրատվություններն ու բարեգործական ծրագրերը շարունակել Հադրութում և Քաշաթաղում, սակայն շատ ենք ուզում շարունակել Մարտունու շրջանում: Այս փոքր քայլով ուզում ենք նպաստել, որ դպրոցների աշակերտները լավ սովորեն և ապագայում լավ մասնագետներ դառնան, մանավանդ՝ ուսուցիչներ Արցախ աշխարհի համար»,- մեզ հետ զրույցում նշեց «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Բեդյանը:
ԱՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի դպրոցի տնօրեն Մանուշակ Վանյանը դպրոցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների անունից շնորհակալություն է հայտնել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին՝ նման աջակցության համար:
«Մենք մեր ուժերի ներածին չափով կանենք ամեն ինչ, որպեսզի դպրոցի աշակերտները ստանան կայուն գիտելիքներ, ապագայում դառնան լավ մասնագետներ և պիտանի մարդիկ Արցախի համար»,- ընդծեց Մ. Վանյանը: