Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ 300 զինծառայող վերապատվաստում է անցել կորոնավիրուսի դեմ:
Արցախում ավարտվել է ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ վերապատվաստման առաջին փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ըստ որի զինվորականները ստացել են «Գամ-Քովիդ-Վակ» (Սպուտնիկ V) դեղամիջոցի առաջին բաղադրիչը:
Ինչպես հաղորդվում է, զինծառայողների շրջանում վերապատվաստումն անցկացվել է անցյալ շաբաթվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, 296 զինծառայող է վերապատվաստվել: Նրանք պատվաստման ամբողջական ընթացքն անցել էին կես տարի առաջ: Հետպատվաստումային բարդացումներ չեն հայտնաբերվել: Երկրորդ դեղաչափը վերջիններս կստանան 21 օրից:
Առաջին հերթին վերապատվաստում ստացել են բուժաշխատողները, հրամանատարական կազմն ու հերթապահ ստորաբաժանումները, այնուհետև՝ մյուս զինծառայողները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։