Artsakhpress

Վերլուծական

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը հասկացել է, որ խաբվել է՝ համագործակցության գնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի խոսքով՝ Ռուսաստանը վերջին շրջանում աստիճանաբար փոխում է իր շեշտադրումները Արցախի հարցում դեպի ավելի հայանպաստ դիրքորոշում՝ հասկանալով, որ խաբվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ նրանց հետ գնալով համագործակցության:

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը հասկացել է, որ խաբվել է՝ համագործակցության գնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը հասկացել է, որ խաբվել է՝ համագործակցության գնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ«Արմենպրես»-ի հետ զրույցում Գարիկ Քեռյանը նշեց, որ դա տեղի է ունենում՝ չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան լուրջ տարաձայնություններ ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան գործընկերների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ:

«Ռուսաստանը սկսել է իր «դրեյֆը» դեպի հայանպաստ դիրքորոշում: Այսինքն՝ Ռուսաստանն էլ է ասում՝ «գիտեք, հարցը լուծված չէ. դեռ կարգավիճակ պիտի ճշտենք», և այլն, և այլն: Այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ Ռուսաստանը սկսեց «դրեյֆել» դեպի ավելի հայանպաստ կողմ, և այս առումով ստեղծվեց որոշակի կոնսենսուս (փոխհամաձայնություն) Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը վերակենդանացնելու շուրջ: Սրա հարցի պատասխանն էլ կա: Ռուսները շատ կոպիտ, պարզունակ սխալ էին գործել՝ Արցախի հարցում գնալով համագործակցության Թուրքիայի և Ադրբեջանի հետ», -  ասել է ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը՝ ընդգծելով, որ որպես պատմաբան և քաղաքագետ՝ չի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է Թուրքիային հաջողվում համագործակցության ձևաչափեր գտնել Մոսկվայի հետ՝ 300 տարի շարունակ խաբելով ռուսներին, գործելով ռուսական շահերի դեմ և ամեն անգամ հարվածելով Ռուսաստանին թիկունքից:
Գարիկ Քեռյանի խոսքով՝ Մոսկվայում դա հասկացան այն բանից հետո, երբ Թուրքիայի ղեկավարությունը, առանց հաշվի առնելու այն, ինչ ստացել էր Ռուսաստանից, մասնավորապես՝ ատոմակայանը, «Հարավային հոսք» գազատարը, Ս-400 զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև Սիրիայի հարցում ստացած զիջումները, արտգործնախարար Չավուշօղլուին ուղարկեց Կիև մասնակցելու «Ղրիմյան պլատֆորմ» գագաթաժողովին, որտեղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ «Ղրիմը Ուկրաինայի անբաժան մասն է»:
«Ղրիմի հարցը ռուսների համար շատ ցավոտ է՝ ինչպես մեզ համար՝ Արցախի հարցը: Ղրիմը իրենց համար սրբություն է: Եվ այսքան տարվա ընդմիջումից հետո, երբ Ռուսաստանին վերջապես հաջողվեց վերադարձնել Ղրիմը, ինչ-որ Չավուշօղլու իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, որ «Ղրիմը Ռուսաստանինը չէ և Թուրքիան անելու է ամեն ինչ, որ Ղրիմը վերադառնա Ուկրաինային»:
Ահա այստեղ սկսվեց Ռուսաստանի հակազդեցությունը, և ռուսները հասկացան, որ սխալ են գործել, որ նախ՝ թողել են, որ պատերազմն ավարտվի նման արդյունքով, և երկրորդ՝ թույլ են տվել թուրքական ազդեցության ներթափանցումը Հարավային Կովկաս: Եվ խաբվել են նաև Ադրբեջանի հարցում: Մոսկվայի հիմնական նպատակն էր Ադրբեջանի ներքաշումը դեպի եվրասիական ինտեգրացիոն գոտի: Եվ ամեն անգամ Ալիևը սակարկում էր՝ ասելով, թե «Ղարաբաղի հարցը լուծեք, ես կգամ»: Հիմա տեսան, որ «լուծումից» հետո ոչ թե եկավ, այլ ընդհակառակը՝ կորցրեցին Ադրբեջանը», - բացատրել է քաղաքագետը:
Զրուցակցի խոսքով՝ գուցե պարադոքս թվա, բայց այսօր Արցախի հարցի արմատական քննարկման համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել, քան մինչև պատերազմն էր: Միակ խնդիրն այն է, որ շատ դժվար կլինի ադրբեջանական կողմին նստեցնել բանակցային սեղանի շուրջ:
«Քանի որ բանակցային սեղանին մնացել է միայն Արցախի կարգավիճակի հարցը, ինձ թվում է՝ Ադրբեջանը ոչ մի պայմանով չի նստի բանակցությունների սեղան: Իսկ եթե հանկարծ ու մեկ էլ համանախագահները մեջբերեն ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, - խմբ.) տարածքային ամբողջականության վերականգնման կետը, որը կստիպի Հադրութը և Շուշին բերել ինչ-որ մի ընդհանուր վարչական միավորի մեջ, ապա դա իրենց համար նշանակում է ազդեցության կորուստ: Դրա համար Ադրբեջանը և Թուրքիան չեն գնա բանակցությունների: Կխոսեն, կտանեն-կբերեն, կձգձգեն՝ ինչպես 26 տարի ձգձգվել է բանակցային պրոցեսը», - ասում է քաղաքագետը:
Գարիկ Քեռյանի կարծիքով՝ բացառվում է, որ Ադրբեջանը, առանց լուրջ պատժամիջոցների ենթարկվելու, ճանաչի Արցախի կարգավիճակը: Ընդ որում, ըստ մասնագետի՝ կան «շատ հետաքրքիր ու էֆեկտիվ պատժամիջոցներ», որոնք արդյունք կտան ընդամենը մի քանի օրում:
Իսկ եթե ուզում ենք իմանալ՝ Ադրբեջանը համաձայնություն կտա բանակցությունների վերսկսմանը Մինսկի խմբի ձևաչափով, թե ոչ, ապա նախ պետք է պարզենք՝ ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցում Թուրքիան, քանի որ Ադրբեջանական Հանրապետությունը, Գարիկ Քեռյանի խոսքով, վաղուց արդեն անկախ պետություն չէ, այլ՝ Թուրքիայի պրոտեկտորատի տակ գտնվող տարածք:
«Եթե ուզում եք իմանալ՝ Ադրբեջանը կնստի բանակցությունների, թե չի նստի, ապա պետք է փոխեք Ձեր հարցը՝ Թուրքիան կնստի՞ բանակցությունների, թե՞ չի նստի: Իսկ Թուրքիան, ինչպես գիտեք, թքած ունի ամեն ինչի վրա: Պետք լինի՝ ամերիկացիների դեմ էլ են գնում, ու Ամերիկան ոչինչ չի կարողանում անել: Դրա համար ես ենթադրում եմ, որ կարող է՝ կա՛մ ձգձգեն բանակցությունները, կա՛մ խաբեն, կա՛մ էլ ընդհանրապես չգան», - մեկնաբանել է քաղաքագետը:
Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան աջակցում է առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: Զախարովան նաև հայտնել է, որ Մինսկի խմբում Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաեւը տարածաշրջանային ուղևորություն է կատարում: ՌԴ համանախագահը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ սեպտեմբերի 6-ին Երևանում նրան ընդունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
 
Արամ Սարգսյան

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search