ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի և Ստեփանակերտի քաղաքապետարանի համատեղ ջանքերով օգոստոսի 22-ից մինչև օգոստոսի 30-ը Ստեփանակերտ քաղաքում կազմակերպվում է «Կաշվե գնդակ» ֆուտբոլի ամենամյա մրցաշար:
Ստեփանակերտում ֆուտբոլի պատանեկան մրցաշար է անցկացվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցաշարին մասնակցում են Ստեփանակերտ քաղաքի բակային պատանեկան թիմեր:
«Ընդգրկված է 10 թիմ: Մեր նպատակն է համախմբել մեր երեխաներին, առողջ ապրելակերպ ստեղծել և փորձել հետպատերազմյան ծանր իրավիճակից նրանց դուրս բերել: Մրցաշարին մեծ աջակցություն են ցուցաբերում ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ԱՀ Ներքին գործերի նախարարության թաղային տեսուչները:
Մրցանակային առաջին երեք տեղերը գրաված թիմերը և լավագույն ֆուտբոլսիտները՝ դարպասապահը, պաշտպանը, կիսապաշտպանը և հարձակվողը, կստանան դիպլոմներ, մեդալներ, դրամական պարգև, և, իհարկե, չեմպիոնական գավաթը»,- մեզ հետ զրույցում նշել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի պատասխանատու Սարգիս Աղաջանյանը:
Մրցաշարի մասնակից Արեն Օհանջանյանի խոսքով` ֆուտբոլը ոչ միայն սպորտաձև է, այլև կենսակերպ:
«Սպորտով զբաղվելն անհրաժեշտ է և պարտադիր։ Մեծ հաճույքով եմ մասնակցում մրցաշարին և նպատակ ունեմ հաղթանակով եզրափակել այն», - նշել է մեր զրուցակիցը։