Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի արտաքին գերատեսչության ստեղծման 28-ամյակի առիթով:
Առկա իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունի պրոակտիվ դիվանագիտությունը. Արցախի ԱԳՆ-ի ստեղծումից անցել է 28 տարի
ԱԳՆ կազմավորումը կարևոր նշանակություն ունեցավ նաև Արցախում պետականաշինության տեսանկյունից. անկախ արտաքին քաղաքականություն վարելու ունակությունը կայացած պետության հատկանիշներից մեկն է: Ստեղծման օրվանից Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հետևողական արտաքին քաղաքականություն է վարում` ուղղված Արցախի ռազմավարական շահերի պաշտպանությանը և խթանմանը, մասնավորապես` նրա անկախության միջազգային ճանաչմանը, միջազգային կապերի ընդլայնմանն ու խորացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ հանրապետության իշխանությունների դիրքորոշման պարզաբանմանը, Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և արտերկրում դրական վարկանիշի ամրապնդմանը, հակազդմանը՝ Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության տարածմանն ու շահարկումներին։
2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան հանգեցրեց անվտանգային հին սպառնալիքների սրմանը և նորերի առաջացմանը: Այս մարտահրավերների առկայության պայմաններում պրոակտիվ դիվանագիտությունը առանձնահատուկ նշանակություն է ստանում: Նախաձեռնող, իրատեսական և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության արդյունավետ ապահովման, նրա պետական ինքնիշխանության պահպանման և ամրապնդման, տարածքային ամբողջականության վերականգնման, երկրի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության բարձրացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության՝ Արցախի ժողովրդի շահերից բխող համապարփակ կարգավորման գրավականն է»: