Artsakhpress

Քաղաքական

ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարումը մեծացրեց տարածաշրջանային լարվածությունը. Պետքարտուղարի տեղակալ

Սենատի արտաքին հարաբերույունների հանձնաժողովը օրերս քննարկել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, ուր անդրադարձել է նաև ԼՂ հարցում Անկարայի ներգրավվածությանը։

ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարումը մեծացրեց տարածաշրջանային լարվածությունը. Պետքարտուղարի տեղակալ

ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարումը մեծացրեց տարածաշրջանային լարվածությունը. Պետքարտուղարի տեղակալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ռազմական գործողությունների ժամանակ երրորդ կողմերի, այդ թվում Թուրքիայի դերակատարությունը սրեց տարածաշրջանային լարվածությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը Թուրքիայի վերաբերյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին: Նա տեղեկացրել է նաև, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Անկարայի նկատմամբ՝ կայունությանը սպառնացող տարածաշրջանային հակամարտություններին չներգրավվելու համար:
«Մենք ճնշում ենք գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս ճնշում գործադրի Բաքվի վրա բոլոր ռազմագերիներին անմիջապես ազատ արձակելու հարցում, աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմին և օժանդակի կողմերին հակամարտության կայուն, երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղղությամբ աշխատանքներին»,- հայտարարել է Նուլանդը:
Լսումները նախագահող Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզը հետաքրքվեց, թե արդյոք պետքարտուղարի տեղակալը տեղյակ է, որ Թուրքիան նպաստել է Սիրիայից դեպի Ադրբեջան զինյալների տեղափոխմանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ: Պետքարտուղարի տեղակալը հրաժարվեց պատասխանել հարցին՝ առաջարկելով այն դարձնել առանձին քննարկման առարկա:
Իր բացման խոսքում, նա սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի առաջնորդ Էրդողանի վարած քաղաքականությունը Կիպրոսի, Լիբիայի, Սիրիայի և մի շարք այլ կարևոր միջազգային հարցերում: Դրանք կառուցողական գործընկերոջ գործողություններ չեն, առավել ևս՝ ՆԱՏՕ-ի դաշնակցի, շեշտել է Մենենդեզը:
Տարածաշրջանում թուրքական ագրեսիայի օրինաչափությունը դարձել է նորմ, նշել է նա՝ անդրադառնալով Անկարայի ներգրավվածությանը ԼՂ հակամարտության հարցում: Նա գործող վարչակազմից ակնկալում է հստակ գնահատական և քայլեր այս հարցում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ՝ Անկարային քննադատելով Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու և Սիրիայից այստեղ զինյալների փոխադրմանը նպաստելու համար:
«Թրամփի վարչակազմը որևէ պատիժ չսահմանեց այս գործողությունների համար, իսկ միջազգային հանրությունը որևէ կոնկրետ արձագանքի չարժանացրեց այն, չսահմանվեցին նաև պատժամիջոցներ: Սա անընդունելի է»,- ասել է Մենեդեզը:
Հանձնաժողովի մեկ այլ անդամ, սենատոր Քրիս Վան Հոլլենն էլ Թուրքիայի գործողությունները Հայաստանի դեմ որակել է «թշնամական»:
Իր հերթին պետքարտուղարի տեղակալը շեշտել է՝ Միացյալ Նահանգները բազմակողմանի և բարդ հարաբերություններ ունի ավելի քան 68 տարվա ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի հետ: Այստեղ սերտ համագործակցության կողքին առկա են խորը տարաձայնություններ: Նուլանդը որպես ամուր համագործակցության օրինակներ առանձնացրեց ՆԱՏՕ-ի շրջանակում փոխգործակցությունը, առևտրա-տնտեսական կապերը, հատկապես ամերիկյան հեղուկ գազի մատակարարման ոլորտում, պայքարը ահաբեկչության դեմ, Վրաստանի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականության սատարումն ու Ռուսաստանի և Իրանի ազդեցության նվազումը Մերձավոր Արևելքում, Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի հիմնախնդիրների շուրջ փոխըմբռնումը:
Տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա տարաձայնություններից բացի Վաշինգտոնի ու Անկարայի մոտեցումներն, ըստ Նուլանդի, հակադրվում են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռների ձեռք բերման, Կիպրոսի հարցում Անկարայի որդեգրած քաղաքականության և Թուրքիայում մարդու իրավունքների ու ազատությւոնների խախտման հետ կապված հարցերում:
«Մենք ձգտում ենք վերացնել այս խնդիրները և առաջ մղել մեր օրակարգը` բոլոր մակարդակներում մեր թուրք գործընկերների հետ ամուր և կանոնավոր ներգրավվածության միջոցով»,- նշել է Նուլանդը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search