Artsakhpress

Մշակույթ

Արցախի գրադարանները կհամալրվեն բազմաբովանդակ գրականությամբ

«Գիրքը` Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաքի շրջանակում նվիրատուների շնորհիվ հավաքվել է 4 հազար միավոր գրականություն, որը կհամալրի Արցախի գրադարանները:

Արցախի գրադարանները կհամալրվեն բազմաբովանդակ գրականությամբ

Արցախի գրադարանները կհամալրվեն բազմաբովանդակ գրականությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԳրքահավաքության ամփոփիչ միջոցառումն անցկացվեց հուլիսի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Գրադարանի տնօրեն Ռուզան  Տոնոյանը շեշտեց, որ նախաձեռնությանը միացել են  գրադարաններ, հրատարակիչներ, անհատներ, ինչի արդյունքում  ունեն շուրջ 4 հազար միավոր գրականություն, որը պաշտոնապես նվիրելու են Արցախին՝  փորձելով լրացնել այն բացը, կորուստը, որն այս օրերին ունեցել են Արցախի գրադարանները:
Նա հույս հայտնեց, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ կունենա:
Գրադարանի գիտքարտուղար Մադլեն Հովսեփյանն ընդգծեց, որ մեծ ներդրում են կատարել «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Ակտուալ արվեստ»  հրատարակչությունները:
Նրա խոսքով՝  հիմնականում գրադարաններն ունիվերսալ ֆոնդի կորուստ են կրել, և «Զանգակը», «Էդիթ Պրինտը» տրամադրել են ուսումնական, ուսուցողական և մանկական գեղարվեստական գրականություն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարծում է՝ հոգեբանորեն ծանր անցումային իրավիճակում ենք, ունենք  բազմաթիվ կորուստներ, ամենօրյա ռեժիմով փորձում ենք գտնել և օգտագործել բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակները, որոնց միջոցով կկարողանանք  ապահովել մեր կորցրած արժեքների ֆիզիկական, այժմ նաև տեղեկատվական անվտանգության խնդիրը: «Պայքարը չպետք է խանգարի կենդանի պրոցեսներին, իսկ գրքահավաքությունը գեղեցիկ նախաձեռնություն է: Առաջարկում եմ, որ այն դնենք ավելի բարձր տեղեկատվական  մակարդակի վրա, որովհետև սա զուտ գիրք փոխանակելու խնդիր չէ, այլ հսկայական հոգեբանական նշանակություն ունի, որով մենք միասնականությունն ենք դրսևորում: Հիշում եմ՝ այդ ծանր օրերին, երբ գույք էին դուրս բերում,  բազմաթիվ մարդիկ  գրադարաններն էին դուրս բերում, դպրոցական  գրքերը, և սա մեր ազգի նկարագիրն է: Մենք պատմականորեն գրքի, բանականության ժողովուրդ ենք և նման ակցիաներով վերահաստատում ենք լուսավորության մեր ընկալող էությունը»,-եզրափակեց Արա Խզմալյանը:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն էլ շեշտեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո և՛ մարդկային, և՛ մշակութային, և՛ գույքային զգալի կորուստներ են կրել:  «Կրթության ոլորտի 25 զոհ ունենք, մշակույթի ոլորտի՝ 2 զոհ և մեկ անհայտ կորած, սպորտի ոլորտի՝ 4 տասնյակի հասնող զոհեր, որոնց մեջ են տարբեր մարզաձևերում Եվրոպայի չեմպիոններ»,-հիշեցրեց Ղարախանյանը:
Խոսելով մշակութային ժառանգության կորուստների մասին՝ նախարարն ասաց, որ կորցրել են  շուրջ  2000 հուշարձան,  տասը պետական և երկու մասնավոր թանգարան, 20 000-ից ավելի ցուցանմուշներ: «127 համայնքային և դպրոցական գրադարան է մնացել հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում, 618 հազար գիրք: Օրինաչափ է, որ բոլոր պատերազմներից հետո փոխվում ենք, սկսում ենք արժևորել մեր մշակութային պոտենցիալը: Հիմա էլ Արցախում կարելի է ասել՝ պատերազմը ավարտված չէ և մշակույթի տարածքում է շարունակվում, իսկ այս նախաձեռնությունն օգնելու է մեր դիմագծի, ինքնության, մեր տեսակի պահպանմանը»,-նշեց Ղարախանյանը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին ու աջակիցներին:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախի գրքային հավաքածուների կորուստը մեղմելու նպատակով մայիսի 13-ից Հայկական գրադարանային ասոցիացիան, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան, Հայաստանի և Արցախի ԿԳՄՍ նախարարությունների աջակցությամբ նախաձեռնել էին «Գիրքը` Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաքը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

Ստեփանակերտում էստրադային երաժշտական երեկո է կազմակերպվել

Search