Այսօր՝ հուլիսի 13-ին, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում վարպետաց դասեր են կազմակերպվել:
Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում վարպետաց դասեր են կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ վարպետաց դասերը անց են կացրել Բելգիայից և Գերմանիայից ժամանած թավջութակահար Սևակ Ավանեսյանը, ջութակահար Հրաչյա Ավանեսյանն ու Մայա Լեվին:
«2017 թվականից սկսած՝ գալիս ենք Արցախ, և փորձում ենք ավելի հաճախ գալ: Այս անգամ մեզ հետ բերել ենք երկու դաշնամուր, որոնց վրա կնվագեն քոլեջի երեխաները: Մեր այցի նպատակն այն է, որ հայկական մշակույթը զարգացնենք, խթան հանդիսանանք Արցախի երեխաների և երաժիշտների զարգացման համար»,- նշել է թավջութակահար Սևակ Ավանեսյանը:
Խոսելով քոլեջի սաների ընդունակությունների մասին՝ Ս. Ավանեսյանը հավաստիացրել է, որ նրանք լավ են տիրապետում իրենց գործին և առավելագույնս յուրացրել են մասնագետների կողմից իրենց փոխանցած գիտելիքները:
«Ես անչափ հիացած եմ սաների ցուցաբերած գիտելիքներով։ Ես համոզվեցի, որ Արցախում, իրոք, ապագա կա: Նրանք, առանց չափազանցության, ապագա տաղանդներ են»,- ընդգծել է մեր զրուցակիցը: Նշենք, որ այսօր՝ ժամը 19:00-ին, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում վարպետաց դասերը վարած երաժիշտների մասնակցությամբ տեղի կունենա համերգ: