Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Ալիևի և Էրդողանի ստորագրած հռչակագիրը

Թուրքիայի նախագահի՝ հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են։

ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Ալիևի և Էրդողանի ստորագրած հռչակագիրը

ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Ալիևի և Էրդողանի ստորագրած հռչակագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի Հանրապետության՝ ներկայումս օկուպացված Շուշի քաղաք և այն որակել որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։
Նույնքան դատապարտելի և սադրիչ են Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը և Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված ելույթը»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ թեև թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ, դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին« և հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։
«Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ»,- շեշտում են ՀՀ ԱԳՆ-ում, որի համաձայն՝ վերոնշյալ պայմանավորվածություններն ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Արտաքին քաղաքական գերատեսչությունն այս պարագայում հիշատակման համար արժանի է համարում այն փաստը, որ միջազգային իրավունքի, մասնավորապես, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ․ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին՝ առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն։
Նաև հատկանշական է համարվել, որ նշված հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ Կանոնադրությունը կամ ԵԱՀԿ  համընդհանուր և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» իրենց մոտեցումը, որն առաջ է մղվում որպես «թյուրքական աշխարհի» միավորման սկզբունք։
«Նման հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են։
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լուրջ մարտահրավեր են միջազգային և տարածաշրջանային խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, ինչն ընդգծում է նշված բոլոր երկրների կողմից սերտ համագործակցության անհրաժեշտությունը»,- ընդգծում են ՀՀ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքում ձեռքբերված իրողությունները չեն կարող տևական խաղաղության հիմք դառնալ, այնպես, ինչպես Շուշիում թուրք-ադրբեջանական տարբեր մտացածին նախաձեռնությունները չեն կարող հայկական այդ մշակութային կենտրոնն օտարել Արցախից և հայ ժողովրդից։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

Արցախում զինծառայող է մահացել

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Մահվան ելքով ավտովթար Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին

Ադրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ. երկու կողմից էլ կան կորուստներ. ՀՀ ՊՆ

Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը հայտնվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՄԻՊ

Ստեփանակերտում ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն․ տուժածի վիճակը ծանր է

Search