Նախօրեին ԱՀ մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում տեղի է ունեցել եզրափակիչ համերգ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի և Արցախում գործող երգչախմբերի մասնակցությամբ։
Ստեփանակերտում կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ»֊ի եզրափակիչ համերգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստան համահայկական հիմնադրամի և Converse Bank-ի աջակցությամբ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը:
«Երբ եկա Արցախ և հանդիպեցի Ստեփանակերտի հրաշք երեխաներին, աշխատեցի նրանց հետ, սկզբում տեսա նրանց դալուկ ու տխուր դեմքերը, վերջում՝ վարվռուն աչքերը, այդ ժամանակ հասկացա, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այնքան պիտի գանք ու գնանք, որ այդ ճանապարհը բոլոր առումներով դառնա մերը»,- մեզ հետ զրույցում նշել է Տ. Հեքեքյանը՝ հավելելով, որ բոլորը այնքան են սիրում Արցախը և այնքան են մտահոգված նրա ժողովրդով, որ, կարծես շվարած, չգիտեն՝ ինչ լավ բան անեն:
«Մենք մեզ հետ բերել ենք համայն հայության սերն առ Արցախ»,֊ ասել է նա: Միջոցառման սկիզբը ազդարարեցին Արցախի Մարտունու Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը՝ «Ջան Ղարաբաղ», «Մենք պիտի կռվենք» և Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները՝ «Երազանք», «Խաղաղություն աշխարհին» երաժշտական կատարումներով: Այնուհետև ելույթ ունեցան «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները՝ Ստեփան Լյուսիկյանի «Նոր Հայաստան» երգով: Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի «Չինարես», «Խնկի ծառ», Թաթուլ Ալթունյանի «Նուբար», Արմինե Կարապետյանի «Տերև», Ռոբերտ Պետրոսյանի «Ապարան», «Սարդարապատ» ստեղծագործությունները: