Պաշտպանության բանակը մարտական գործողությունների ժամանակ տեղի ունեցած հերոսական դրվագներ է ներկայացրել:
Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն հերոսական դրվագներ է հրապարակել
Փոխգնդապետ Դավիթ Վազգենի Ղազարյան. ցուցաբերել է անձնական խիզախություն, աչքի ընկել կապի արդյունավետ կազմակերպման և մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Անձամբ իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում:
Կապիտան Սարիբեկ Կիմայի Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա, իսկ ավագ լեյտենանտ Էրիկ Մհերի Անդրեասյանը հմտորեն իրականացրել է թիկունքային ապահովման գործընթացները:
Ավագ լեյտենանտ Սամվել Վազգենի Ղարաբեկյանը, ցուցաբերելով անձնական խիզախություն, խոցել է 3 տանկ, հակառակորդի մեկ տանկ էլ խոցվել է լեյտենանտ Վաչագան Գրիգորիի Տոնոյանի կողմից:
Մայոր Դավիթ Տիգրանի Գրիգորյանը հմտորեն ղեկավարել է դիվիզիոնը, իրականացրել հակառակորդի հետախուզում ու հայտնաբերում, անձամբ կրակ վարել, ինչի արդյունքում հակառակորդին հասցվել են կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ, ինչպես նաև խոցվել հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ: