Հանրապետությունում կապի համակարգի վերականգման ուղղությամբ տարվող աշխատանքները նախատեսվում է ավարտել 2-3 օրում:
Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ զրույցում ասել է ‹‹Ղարաբաղ Տելեկոմ›› ընկերության գլխավոր տնօրեն Հակոբ Ղահրամանյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ համակարգի աշխատակիցները մալուխային վթարված գիծը վերականգնում են Շուշիի հատվածում: Մեզ հետ զրույցի ընթացքում Հակոբ Ղահրամանյանը ևս գտնվում էր նշված վայրում և հետևում էր աշխատանքների ընթացքին:
Նա նշել է, որ եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ինչը կարող է ծագել՝ հաշվի առնելով, որ աշխատանքներն իրականացվում են ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված տարածքներում, ապա 2-3 օրվա ընթացքում հնարավոր կլինի լուծել կապի ոլորտում առկա խնդիրները և հանրապետությունում ամբողջությամբ վերականգնել բջջային կապն ու համացանցը:
‹‹Նշեմ, որ ներկայումս բջջային կապը ևս գերծանրաբեռնված է, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ մարդիկ իրար հետ դժվարությամբ են կարողանում հաղորդակցվել:
Համացանցի գործելուն զուգահեռ՝ բնականաբար, բջջային կապում գերծանրաբեռնվածությունն աստիճանաբար կնվազի, և խնդիրներ չեն առաջանա››,- ավելացրել է Հ. Ղահրամանյանը:
‹‹Ղարաբաղ Տելեկոմ›› ընկերության գլխավոր տնօրենը տեղեկացրել է նաև, որ Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից արդեն իսկ հայտարարվել է, որ ողջամիտ սահմանափակումներով Արցախում կապի ոլորտը կգործի անվճար հիմունքներով: