Արցախում շարունակվում են ենթակառուցվածքների վերականգման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հանրապետությունում շարունակվում են ենթակառուցվածքների վերականգման ուղղությամբ տարվող աշխատանքները. Արմեն Թովմասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը:
Նրա խոսքով՝ հանրապետությունում էլեկտրամատակարարման վերականգման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են: Բացի Մարտունու շրջանից, հիմնական բնակավայրերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:
Ներկայումս աշխատանքներ են տարվում Լիսագոր-Ստեփանակերտ հատվածում:
‹‹Նշեմ, որ Մարտունու շրջանում պետք է անցկացվի նոր օդային գիծ: Առայժմ դժվար է խոսել էլեկտրամատակարարման ամբողջական վերականգման ժամկետների մասին, քանի որ ինչպես եղանակային անբարենպաստ պայմանները, այնպես էլ ականապատ տարածքները խոչընդոտ են հանդիսանում աշխատանքներն ինտենսիվորեն իրականացնելու համար››,- ավելացրել է Ա. Թովմասյանը:
Մեր զրուցակիցը հայտնել է, որ էլեկտրամատակարարման վերականգմանը զուգահեռ՝ հանրապետությունում կկարգավորվի նաև կապի համակարգը:Այս առումով ևս աշխատանքները շարունակվում են լայն թափով:
Ինչ վերաբերում է տրանսպորտի վերականգմանը, նա նշել է, որ Ստեփանակերտում հասարակական տրանսպորտի աշխատանքը վերականգնվել է. այն կաշխատի նախկինում գործող կարգով: Հանրության շրջանում առկա լուրերը, թե մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը գործելու է անվճար հիմունքներով, չեն համապատասխանում իրականությանը:
Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի պետ Շահեն Գասպարյանն ասել է, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղիով գործում են Ստեփանակերտ-Երևան և հակառակ ուղղությամբ գործող երթուղիները:
Ինչ վերաբերում է ներհամայնքային երթուղիներին, նա նշել է, որ Ճարտար-Ստեփանակերտ, Ասկերան-Ստեփանակերտ և հակառակ ուղղությամբ գործող երթուղիները վերսկսել են իրենց աշխատանքը: Կապված ուղևորահոսքի հետ՝ գործում են նաև Մարտակերտի շրջանի Վաղուհաս և Առաջաձոր, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Պատարա գյուղերից դեպի Ստեփանակերտ գործող երթուղիները:
Արդեն վաղվանից՝ դեկտեմբերի 1-ից, կգործեն նաև Մարտակերտ և Մարտունի շրջկենտրոններից դեպի Ստեփանակերտ և հակառակ ուղղությամբ գործող երթուղիները: