ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության կողմից շարունակվում են ադրբեջանական օկուպացիայի տակ անցած Արցախի բնակավայրերի բնակիչներին աջակցելու աշխատանքները:
Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը և ավելացրել, որ նախարարության կողմից անօթևան մնացած ընտանիքներին տրամադրվում է տաք հագուստ:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության շենքի դիմաց գրեթե ամեն օր գոյանում են հերթեր: Վ. Առաքելյանը պարզաբանել է, որ, հաշվի առնելով, որ Արցախում առկա է համացանցի խնդիր, ուստի Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության և կեցավայրի փոխհատուցման աջակցության (68 հազար դրամ+15 հազար դրամ) տրամադրման հայտ ներկայացնելու համար քաղաքացիները ներկայանում են նախարարության շենք, ինչն էլ պատճառ է հանդիսացել հերթերի գոյացման:
Բացի դրանից, ‹‹Արցախփոստ›› ընկերությունը ներկայումս իր աշխատանքները համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության շենքից: Առաջիկայում, ըստ Վ. Առաքելյանի ‹‹Արցախփոստ›› ընկերության մայրաքաղաքում գործող 3 մասնաճյուղերի աշխատանքը կվերականգնվի, և քաղաքացիները տեղից կարող են ստանալ միանվագ դրամական օգնության գումարը և բոլոր տեսակի պետական նպաստներն ու թոշակները, որոնք այս ընթացքում էլ վճարվում են: Չնայած որոշ քաղաքացիների հայտեր արդեն իսկ բավարարվել են, սակայն, ըստ Վ. Առաքելյանի, ‹‹Արցախփոստ›› ընկերությունն առայժմ չի սկսել գումարների վճարման գործընթացը:
Միանվագ դրամական օգնության ներկայացվող հայտերը հաճախ մերժվում են՝ նշելով, որ ներկայացված տվյալները պետռեգիստրում առկա տվյալների հետ չեն համապատասխանում: Վ. Առաքելյանը նշել է, որ երբեմն առաջանում են ծրագրային խնդիրներ, ուստի անհրաժեշտ է ներկայանալ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն և տեղում աշխատակիցների օգնությամբ լրացնել հայտը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ այս ընթացքում միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. Ընդհանուր առմամբ, ծրագրից կարող է օգտվել մոտ 80 հազար արցախցի: