Ռուս խաղաղապահների աջակցությամբ այսօր ևս 2115 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
Վերջին մեկ օրում ավելի քան 2100 փախստական ռուս խաղաղապահների աջակցությամբ կարողացել է Հայաստանից վերադառնալ Լեռնային Ղարաբաղ:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ այսօր ևս 2115 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին շաբաթ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է tert.am-ը:
«Մեկ օրում ռուս խաղաղապահ ուժերի աջակցությամբ Հայաստանի տարածքից 2115 մարդ է վերադարձել: Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ից ի վեր իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 21 083 փախստական»,- ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղի ականազերծման աշխատանքները: «Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 2.85 կմ երկարությամբ ավտոճանապարհ, 5.9 հեկտար տեղանք Ստեփանակերտ քաղաքում: Հայտնաբերվել և վնասազերծվել է 104 պայթուցիկ առակա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում տարվող ականազերծման աշխատանքների ընթացքում մաքրվել է 14.67 հա տարածք, 5.5 կմ ճանապարհ, 81 շինություն, հայտնաբերվել և ոչնչացվել է 416 պայթուցիկ առաջկա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղում տեղակայված բուժկետում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են հատկացրել տեղի 65 բնակչի:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: