Վերջին մեկ օրում ավելի քան 1800 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ:
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ երեքշաբթի հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է tert.am-ը:
«Ռուս խաղաղապահներն ապահովում են վերադարձող փախստականների անվտանգությունը: Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստական, որոնք հեռացել էին իրենց տներից մարտական գործողությունների պատճառով: Ընդհանուր առմամբ, խաղաղապահների ուղեկցությամբ իրենց նախկին բնակության վայրեր են վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան13 հազար բնակիչ»,- տեղեկացրել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Բացի այդ, ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինների որոնման և փոխանակման գործընթացը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: