Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանական Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը պետք է որոշի թուրք ժողովուրդը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Աթենքը չի կարող մեզ հրամաններ տալ». Չավուշօղլուն հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը թուրք ժողովրդի որոշելիքն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:
«Դա ինքնիշխանության հարց է: Աթենքը չի կարող մեզ հրամաններ տալ, մենք էլ այնպիսի բան չենք անի, որի պատասխանը չունենք»,-հայտարարել է Չավուշօղլուն:
Նա նշել է, որ ինքը զարմացած է այդ հարցով Հունաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներից:
«Հույներն այնպես են միջամտում, կարծես Կոնստանդնուպոլիսն ու Սուրբ Սոֆիայի տաճարն իրենց տարածքում են գտնվում»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ էր դարձել դեռևս 1453 թվականին` սուլթան Մեհմեդ Նվաճողի կամքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935-ին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: