Բոլթոնը Դոնալդ Թրամփի հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ ռազմավարական սխալ է համարում
ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնն ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ ղեկավարների հանդիպումը ռազմավարական սխալ է անվանել եւ հայտնել է, որ պաշտոն զբաղեցնելիս ԱՄՆ-ի վարչակազմում մտավախություններ է ունեցել առ այն, որ նախագահ Դոնալդ Թրամփը չարդարացված զիջումների կգնա Կիմ Չեն Ընի հետ բանակցություններում:
Բոլթոնը Դոնալդ Թրամփի հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ ռազմավարական սխալ է համարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է News.am-ը:
Անդրադառնալով 2018-ին Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպմանը Սինգապուրում՝ Բոլթոնը նշել է, որ Թրամփին առաջին հերթին հետաքրքրում էր հարցը, թե քանի լրագրող է մասնակցելու իր եզրափակիչ մամուլի ասուլիսին: «Թրամփը կենտրոնացել էր նրա վրա, որ հնարավորություն է ունեցել միասին լուսանկարվելու, երբ ԱՄՆ նախագահն առաջին անգամ հանդիպում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ,- շարունակել է նա:- Դա հսկայական ուշադրություն գրավեց, բայց ես կարծում եմ, որ դա ռազմավարական սխալ էր: Միացյալ Նահանգները դրանից ոչինչ չստացան, իսկ Դոնալդ Թրամփը շատ բան ստացավ»: Այդ հանդիպումը, ընդգծել է Բոլթոնը, «ոչինչ չի տվել նրանց միջուկային զենքի ծրագիրը վերացնելու վերաբերյալ հարցի կոնկրետ քննարկման համար»:
«Ես չափազանց մտահոգված էի, որ նախագահը զիջումների կգնա այնտեղ, որտեղ դա բացարձակապես անտեղի է,- ասել է Բոլթոնը:- Ինչպես ես նկարագրեցի իմ գրքում, եւ դա արդեն գրավել է մամուլի ուշադրությունը, նա Կիմ Չեն Ընի հետ խոսել է այն մասին, որ մենք կհրաժարվենք զորավարժություններից Կորեական թերակղզում, ինչը ծանր այրուցք էր առաջացրել պաշտպանության նախարարությունում: Նրանք [Պենտագոնի ներկայացուցիչները] կարծեցին, որ իրենք ներառված չեն որոշում կայացնողների թվում»: «Սա այն դեպքն էր, երբ նախագահը, ով երկու տարի է պաշտոնավարում էր, կարծես թե չէր գիտակցում, որ զորավարժություններն անհրաժեշտ են, որպեսզի Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան կարողանան դիմակայել Հյուսիսային Կորեայի ճնշումներին»,- հավելել է նա: