Ալեքսիս Օհանյանը հրաժարվել է Reddit-ում զբաղեցրած պաշտոնից, որպեսզի իր տեղը զբաղեցնի սևամորթ թեկնածու, իսկ ինքն իր ուժերը ներդնի «ռասայական ատելության դեմ պայքարում»
Reddit սոցիալական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը հեռացել է Reddit-ի տնօրենների խորհրդից, քանի որ, նրա խոսքով, առաջին հերթին հայր է, որը պետք է կարողանա պատասխանել իր սևամորթ դստերը, երբ վերջինս հարցնի․ «Իսկ դու ի՞նչ ես արել»:
Ալեքսիս Օհանյանը հրաժարվել է Reddit-ում զբաղեցրած պաշտոնից, որպեսզի իր տեղը զբաղեցնի սևամորթ թեկնածու, իսկ ինքն իր ուժերը ներդնի «ռասայական ատելության դեմ պայքարում»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Ամերիկահայ գործարարն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ հեռանում է իր պաշտոնից՝ «հանուն ինձ, իմ ընտանիքի և իմ երկրի», որպեսզի տնօրենների խորհրդում իր տեղը զբաղեցնի սևամորթ թեկնածու, իսկ ինքն իր ուժերը ներդնի «ռասայական ատելության դեմ պայքարում»։
«Վաղուց ժամանակն է ճիշտ վարվել։ Ես դա անում եմ ինձ, իմ ընտանիքի և իմ երկրի համար»,- հայտնել է Օհանյանը։
Նա հույս ունի, որ ընկերությունն իր պաշտոնին կնշանակի սևամորթի՝ խոստանալով Reddit-ի բաժնետոմսերի ապագա եկամուտները օգտագործել «սևամորթ համայնքին ծառայելու համար»։
«Ես կարծում եմ, որ հրաժարականը կարող է փաստացի լիդերության ակտ լինել հենց հիմա իշխանության մեջ գտնվող մարդկանց կողմից։ Բոլոր նրանք, ովքեր պայքարում են մեր կոտրված ազգը ոտքի կանգնեցնելու համար՝ կանգ չառնե՛ք»,- ասել է Օհանյանը։
Օհանյանի կինը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, սոցիալական ցանցերում կիսվել է ամուսնու տեսանյութով՝ հայտարարելով, որ հպարտանում է նրանով։
«Ես այնքան հպարտ եմ քո նվիրվածությամբ»,- գրել է նա Twitter-ում։
Նշենք, որ զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017թ. սեպտեմբերի 1-ին: