Եթե զուտ ժամանակագրային առումով գնահատենք, ապա վեց տարին այնքան էլ մեծ ժամանակահատված չէ կայանալու համար, հատկապես, որ «Արցախպրես» լրատվական գործակալության ստեղծագործական կազմը հիմնականում բաղակացած է երիտասարդներից:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Արցախպրես»-ի գործունեության վեցամյակին:
Նրա խոսքով՝ «Արցախպրես»-ի պարագայում` մասնագիտական կայացումը նկատելիորեն արագ տեղի ունեցավ, և ի դեմս լրատվամիջոցի` արցախյան մեդիադաշտում այսօր կա մի հարթակ, որը շատերի համար տեղեկատության հուսալի աղբյուր է հանդիսանում: Դա լրատվամիջոցի աշխատակիցների ամենօրյա ջանքերով է ապահովվել, որն էլ ոգևորվելու առիթ է:
«Իմ կարծիքը գուցե սուբյեկտիվ հնչի, բայց ես առաջին իսկ օրերից եղել եմ ձեր լրատվամիջոցի կայուն ընթերցողը: Հարկ եղած դեպքում, հիմք ընդունելով նաև իմ մասնագիտական փորձը, անհրաժեշտ խորհուրդներ եմ տվել ժամանակին: Ընթերցողը բազմագաղափար հանրության ներկայացուցիչն է, ու նրա վերաբերմունքը հրապարակված տեղեկատվության նկատմամբ կարող է և համարժեք չլինել. դուք պարզապես ձգտեք լինել անաչառ ու սկզբունքային ձեր հրապարակումներում: «Արցախպրես»-ը կդառնա հանրության տարբեր շերտերի տեսակետներն արտահայտող անաչառ ամբիոն, որպեսզի, ինչպես դուք եք ասում, լիարժեք արդարացնի ընթերցողների հույսերը: Ուրախալի է, որ մեծ ընթերցողական լսարան ունեք, ուրեմն պիտի մտածել վստահության նշաձողը մշտապես բարձր պահելու մասին: Համոզված եմ, այդ ներուժը ունեք: Հաճախ եմ առիթ ունեցել ասելու, որ լրատվամիջոցի դերը միայն չոր տեղեկատվության փոխանցումը չէ: Կուզենայի հաճախակի կարդալ վերլուծական նյութեր և հարցազրույցներ քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային գործիչների հետ` նրանց հետ քննարկելով ամենասուր հարցեր: Ինչո՞ւ չէ` նաև լրագրողական հետաքննություններ անցկացնել: Այս ժանրն արցախյան մեդիադաշտում, կարելի է ասել, բացակայում է, ուրեմն, դուք եղեք այդ բացը լրացնողը»,-ավելացրել է Կ. Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ ուղիղ տասը տարի առաջ Արցախի ժուռնալիստների միությունն առաջարկել է ԼՂՀ կառավարությանը` մասնագիտական տոների ցանկում ներառել նաև լրագրողական խավին, նպատակը մեկն էր` վերարժևորել երկրամասի 135 տարվա մեդիապատմությունը և կարևորել լրագրողի դժվարին աշխատանքը:
«Կուզենայի ավելացնել` դա, միանշանակորեն, նպաստեց մեր լրագրողական համերաշխությանը: Ամենավատ բանը լրագրողի համար գործիք դառնալն է, և հենց այս հիմամբ էլ մաղթում եմ իմ բոլոր գործընկերներին` երբեք չմոռանալ մասնագիտական պատվի մասին, լինել համարձակ, հետևողական ու լավատես: Շնորհավո՛ր մեր մասնագիտական տոնը»,- նշել է մեր զրուցակիցը: