Արցախի Հանրապետության Պարետատունը տեղեկացնում է, որ ԱՀ Նախագահի պաշտոնամուտի արարողությունը Սահմանադրությամբ հստակ ժամկետի նշումով նախատեսված միջոցառում է և չի կարող չանցկացվել, իսկ ԱՀ Նախագահի ընդունելությունը՝ դրանից բխող պետական արարողակարգային միջոցառում, որը սահմանափակված չէ ԱՀ Նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով:
Նախագահի պաշտոնամուտի միջոցառումների համար իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ
Հիշեցնենք, որ ԱՀ Նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրի հավելվածի 24-րդ կետով սահմանված է.
«24. Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.
1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.
2) ժամանցային միջոցառումները.
3) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները.
4) Պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:»