Artsakhpress

Քաղաքական

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է այն հիմնարար սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն իրենց գործունեության հիմքերում

Մարտի 31-ին ու ապրիլի 14-ին կայացած Արցախի ժողովրդավարական ընտրություններում քաղաքացիները իրենց ազատ կամքն են արտահայտել՝ նախագահական վստահության քվեն տալով ինձ, որը պարտավորեցնող քվե է ժողովրդի, մեր մեծ նախնիների և գալիք սերունդների առջև:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է այն հիմնարար սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն իրենց գործունեության հիմքերում

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է այն հիմնարար սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն իրենց գործունեության հիմքերում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ԱՀ Նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությանն ասել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ այդ քվեն ոչ միայն վստահության դրսևորում է, այլև՝ յուրահատուկ հանձնարարական իր և խորհրդարանական մանդատ ստացած բոլոր ուժերին՝ իրականացնելու ժողովրդի հույսերը և ապահովելու անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ հայրենիքի ազատ ընթացքը դեպի ավելի ու ավելի լուսավոր ապագա, դեպի մեր երազած հայրենիքից էլ անդին: Արայիկ Հարությունյանն ներկայացրել է այն հիմնական սկզբունքները, որոնք, իր պատկերացմամբ, պետք է ընկած լինեն իրենց գործունեության հիմքերում:
Առաջին սկզբունք. Մարդը բարձրագույն արժեք է, իսկ պետությունը՝ բարձրագույն արժեքին ծառայող հաստատություն: Ինչպես Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածն է ամրագրում, այո՛, մարդը բարձրագույն արժեք է, և պետության գոյությունն էլ իմաստավորվում է մարդուն ծառայելով: Չկա պետության որևէ սահմանադրական գործառույթ, որը նպատակաուղղված չլինի իր քաղաքացիների այս կամ այն իրավունքի կամ ազատության երաշխավորմանը: Ուստի, որպես Հանրապետության նախագահ՝ իմ պաշտոնավարումն էլ միտված է լինելու մարդուն և ժողովրդին անմնացորդ ծառայելուն՝ հիմնված մարդու անօտարելի արժանապատվության և իրավունքների ու ազատությունների հանդեպ հարգանքի վրա:
Երկրորդ սկզբունք. Հայոց միացյալ հայրենիքի անվտանգությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը ենթակա չեն որևէ վերապահման ու սակարկման: Քանի որ Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները մեկ միացյալ ազգային հայրենիքի անտրոհելի մասերն են, հետևաբար՝ Արցախի բնակչության գլխին կախված սուրը պետք է ընկալել որպես յաթաղան՝ ողջ հայության ու նրա արժանապատվության գլխին: Ուստի, արցախահայության անվտանգությունը ողջ հայության անվտանգությունն է, արցախահայության արժանապատվությունը ողջ հայության արժանապատվությունն է, արցախահայության պայքարը ողջ հայության պայքարն է, արցախահայության հաջողությունը ողջ հայության հաջողությունն է... Եվ մենք պատրաստ ենք անսասան կանգնելու որպես վահան ողջ հայության անվտանգության, արժանապատվության, պայքարի ու հաջողությունների հանդեպ սպառնալիքների դեմ: Մենք ունենք համազգային կամք ու զորություն մեր գլխին կախված յաթաղանը դարձնելու բահ, գրիչ ու խաչ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սուր՝ վճռական կերպով դրված մեզ վրա սուր ճոճողի կոկորդին:
Երրորդ սկզբունք. Իրավունքի գերակայությունը և օրենքի առջև բոլորի հավասարությունը, պետության երաշխավորմամբ, պետք է ուղենիշ լինեն բոլոր ներհասարակական հարաբերություններում: Իրավունքը գերակա է բոլոր կարգավորումների ու հարաբերությունների հանդեպ, սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ իրավունքները կարող են արդյունավետորեն գործել համաչափության ու հավասարության պայմաններում: Ուստի, ժողովրդի և օրենքի առջև ոչ մի արտոնյալ անձ չպետք է լինի: Արտոնությունները պետք է լինեն ոչ թե լրացուցիչ իրավունքների, այլ՝ պարտականությունների աղբյուր:
Չորրորդ սկզբունք. Ժողովրդավարական պետական կառավարումը այլընտրանք չունի, և հարկ է անընդհատ զարգացնել դրա գործառնական պայմանները, կառուցակարգերն ու արդյունավետությունը: Ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն ազատ ու արդար ընտրությունների միջոցով հանրային իշխանությունների ձևավորում, այլև՝ պետական կառավարման համակարգի գործունեության կոնկրետ որակների ապահովում, ինչպիսիք են, օրինակ, ներառականությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, ինչպես նաև կայացած քաղաքացիական հասարակությունը:
Հինգերորդ սկզբունք. Սոցիալական պետության կառուցման վերջնանպատակը համընդհանուր բարեկեցության ու սոցիալական արդարության ապահովումն է։ Մենք պետք է բոլորի համար հավասար ու խթանող այնպիսի պայմաններ ապահովենք, որ աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով բարեկեցիկ ապրելու հնարավորություն ունենա։ Դրան զուգահեռ, անշուշտ, պետությունը պարտավոր է իր հնարավորությունների ողջ ծավալով ուշադրության կենտրոնում պահել նաև սոցիալապես խոցելի խմբերին։
Վեցերորդ սկզբունք. Համընդհանուր խնդիրները պետք է լուծում ստանան հավաքական ու ներդաշնակ աշխատանքով ու պատասխանատվությամբ՝ յուրաքանչյուրը իր կարողությունների ու պարտավորությունների չափով: Պետությունը ներդաշնակ կենդանի օրգանիզմ է, որտեղ յուրաքանչյուր մասնիկ ունի իր անփոխարինելի տեղն ու գործառույթը: Ուստի, պետության համակարգմամբ ու բարենպաստ պայմանների ստեղծմամբ յուրաքանչյուր ոք պետք է իր անհատական առավելագույն ջանքը ներդնի ոչ միայն սեփական, այլ նաև հանրային նշանակության հիմնախնդիրների լուծման գործում: Պետությունը պետք է աշխատի յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ յուրաքանչյուր քաղաքացի՝ հանրային բարիք ստեղծի նաև բոլորի համար: Մեր հավաքական ուժը շատ ավելի մեծ է, քան յուրաքանչյուրիս անհատական ուժի մեխանիկական հանրագումարը:
Յոթերորդ սկզբունք. Մեր բոլոր հաջողությունների գլխավոր գրավականներից մեկը ներքին համերաշխությունն է: Ոչ մի լավ ծրագիր, գաղափար կամ ցանկություն չի կարող հաջողություն ունենալ, եթե Հանրապետության ներսում բացակայում է ներքին համերաշխությունն ու կայունությունը: Եվ սա ամենևին չի նշանակում, որ մենք դեմ ենք բազմակարծությանը, քննադատությանն ու մրցակցությանը: Մեր նպատակն է ունենալ հանդուրժողական, կառուցողական, առողջ և մրցակցային քաղաքական միջավայր, որտեղ հայրենիքի անվտանգությունն ու զարգացումը կդիտվեն որպես համընդհանուր խնդիրներ, որոնց կարելի է հասնել համերաշխության ու փոխհարգանքի հիման վրա ձևավորված միջավայրում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Search