Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչները, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են:
Միրիկ գյուղի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի վիճակը կայուն է, նրա հետ շփված անձանց մոտ վարակին հատուկ որևէ ախտանշան չկա
Վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ներկա պահին անհանգստացնող բան չկա: Առողջապահության նախարարությունից ինքնամեկուսացված քաղաքացիների վերաբերյալ հաղորդում են, որ նրանցից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի, նրանց առողջական վիճակը շուրջօրյա վերահսկվում է բժիշկների կողմից:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: