Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչներին զեկուցել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մտադրության մասին:
Ճապոնիան կորոնավիրուսի ֆոնին պատրաստվում է արտակարգ դրության ռեժիմ հայտարարել․ The Guardian
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար անհրաժեշտ եմ համարում յոթ պրեֆեկտուրաներում (Տոկիո, Կանագավա, Սայթամա, Տիբա, Օսակա, Հյոգո, Ֆուկուոկա) մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ սահմանել»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Աբեն։
«Մենք նոր վարակակիրների թվի արագ աճ ենք նկատում հատկապես Տոկիոյի և Օսակայի քաղաքային շրջաններում։ Հաշվի առնելով, որ բժշկական հաստատությունները գտնվում են կրիտիկական վիճակում՝ բազմաթիվ կարծիքներ եմ լսել առ այն, որ կառավարությունը պետք է արտակարգ դրություն հայտարարի»,- ասել է Ճապոնիայի վարչապետը։
Նշվում է, որ Աբեն երեքշաբթի երեկոյան կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումների վերաբերյալ կառավարական շտաբի նիստում կհայտարարի արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու մասին:
Արտակարգ դրության հայտարարումից հետո նախատեսվում է, որ ժամանցային հաստատությունները, ինչպես նաև գրադարանները, դպրոցները, համալսարանները, վարսավիրանոցները զերծ կմնան այս ժամանակահատվածում աշխատանքից կամ զգալիորեն կնվազեցնեն իրենց աշխատաժամանակը։
Արտակարգ դրության ռեժիմը տեղական ինքնակառավարման մարմիններին ավելի մեծ լիազորություններ կտա։ Նրանք կարող են ձեռնարկություններից պահանջել աշխատանքի դադարեցում, իսկ անհնազանդության դեպքում իրավունք են ստանում հրապարակել իրավախախտ ընկերության անվանում։
Միևնույն ժամանակ շարունակում են աշխատել հիվանդանոցները, բանկերը, տրանսպորտը, մթերային խանութները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիան մոտ մեկ տրիլիոն դոլար կհատկացնի՝ իր տնտեսությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքներից պաշտպանելու համար:
Երկրի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի հայտարարել էր 108 տրիլիոն իեն ($989 մլրդ) ծավալով օգնության փաթեթի մասին, որը հավասար է աշխարհի մեծությամբ երրորդ տնտեսության արտադրության տարեկան ծավալի 20 տոկոսին:
Ֆինօգնության փաթեթը ներառում է տասնյակ միլիարդավոր դոլարներով կանխիկ գումարի հատկացում ընտանիքներին և փոքր բիզնեսի սեփականատերերին, որոնք կորցրել են եկամուտը վիրուսի պատճառով: Փաթեթը ներառում է նաև հարկային արտոնություններ և առանց տոկոսադրույքի վարկեր: