«Բարի սամարացի» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Արթուր Բալայանը Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի մանկապարտեզին նվիրաբերել է 18 մահճակալ, ինչպես նաև վերանորոգել հատակը:
Խաչենի մանկապարտեզը նոր գույք է ստացել. վերանորոգվել է շենքի հատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է մանկապարտեզի տնօրեն Նինել Բալայանը:
Նա տեղեկացրել է, որ օրեր առաջ իրենց համագյուղացի, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դասախոս Ամալյա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջով հայտարարություն է տարածել, որ Խաչենի մանկապարտեզին անհրաժեշտ են մահճակալներ, ինչին էլ, ի ուրախություն բոլորի, արձագանքել է Արթուր Բալայանը:
Ըստ տնօրենի՝ մանկապարտեզը կառուցվել է 2007 թվականին, ֆրանսահայ բարերարների կողմից: Շենքը տիպային է. այն համապատասխանում է ժամանակակից չափանիշներին:
«Երեխաները մինչև այժմ քնում էին գրեթե հատակին հավասար, ցածր մահճակալների վրա, ինչը մշտապես բողոքի տեղիք էր տալիս ծնողների կողմից: Հատակը քանդված էր, և խոնավության հոտը տարածվում էր ողջ շենքով: Այժմ մենք ունենք նոր ու հարմարավետ մահճակալներ, վերանորոգված ննջասենյակ ու խաղասենյակ, որտեղ երեխաներն իրենց առօրյան կանցկացնեն հանգիստ և ուրախ: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բարերար Ա. Բալայանին՝ մեր համայնքին աջակցելու համար»,- մասնավորապես ասել է Ն. Բալայանը: