Ստեփանակերտի 1/22 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը՝ 11:00-ին, իր քաղաքացիական պարտքն է կատարել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ կնոջ և դստեր հետ:
Ցանկանում եմ տեսնել բարեկարգ, բարգավաճ և բարեկեցիկ հայրենիք. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ա. Հարությունյանն ասել է, որ քվեարկել է՝ հանուն Արցախի ապագայի, համերաշխության, խաղաղության և առողջության:
Նախագահի թեկնածուն ցանկանում է տեսնել բարեկարգ, բարգավաճ և բարեկեցիկ հայրենիք:
«Շատ լավ եմ գնահատում ընտրությունների ընթացքը: Ակտիվությունը կա քաղաքացիների կողմից, և սա Արցախի քաղաքացիների բարձր գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումն է, որի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին»,- ասել է Ա. Հարությունյանը:
Խոսելով աշխարհում տարածված Նոր կորոնավիրուսի մասին՝ ԱՀ նախագահի թեկնածուն նշել է, որ այսօր ավելի մեծ մարտահրավերներ են սպասվում, և պետք է միավորվել ազգովի՝ դիմակայելու ոչ միայն համաճարակին, այլև սպասվող տնտեսական աղետին: Դրա համար Արցախում պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն, որը, Հայաստանի իշխանությունների հետ համատեղ, կարողանալու է իրականացնել այն կարևոր առաքելությունը, որ սպասվում է մեզ:
«Համոզված եմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերի վճռականությունն այնքան բարձր է լինելու երկրի ապագայի նկատմամբ, որ մենք ունենալու ենք ավելի համախմբված Արցախ: ԱՀ նախագահի բոլոր թեկնածուներն էլ ինձ համար հարազատ են և գրեթե բոլորի հետ ունեմ անցած ճանապարհ: Ճանաչելով նրանցից յուրաքանչյուրին՝ համոզված եմ, որ վաղը լինելու ենք միասնական: Հայաստանի իշխանությունների կողմից բոլորն էլ ունեն աջակցություն: Արցախում ինձ բոլորն էլ բարեկամ են, և պատրաստ եմ բոլոր թեկնածուների հետ համագործակցել»,- մասնավորապես ավելացրել է Ա. Հարությունյանը: