Այսօր Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ են: Արցախի Հանրապետությունում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103 հազար 663 քաղաքացի:
Մեկնարկել են համապետական ընտրությունները. բացվել են 281 ընտրատեղամասեր. ԿԸՀ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն ասել է, որ, ընդհանուր առմամբ, ձևավորվել են 282 ընտրատեղամասեր: Ժամը 9:00-ին բացվել են 281 տեղամասերը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում գործող Երևան 1 տեղամասը, որտեղ քվեարկելու են այնտեղ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիները:
Ս. Արզումանյանի խոսքով՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկության սկիզբը կտրվի ժամը 11:00-ին:
«Սկսած ժամը 12:00-ից՝ ընտրությունների ընթացքի և քվեարկողների մասնակցության մասին մենք երեքժամյա պարբերականությամբ կներկայացնենք տվյալներ: Բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին, կատարել մեր քաղաքացիական պարտքը առողջ և անվտանգ պայմաններում»,- նշել է Ս. Արզումանյանը:
Նշենք, որ ընտրությունների ողջ ընթացքում 48 ընտրատեղամասերում իրականացվում է ուղիղ հեռարձակում: