Ասկերանի շրջանի Սղնախ համայնքում մարտի 28-ից մեկնարկել են գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները:
Սղնախում մեկնարկել են գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում ասել է Սղնախ համայնքի ղեկավար Եղիշե Ղահրամանյանը՝ նշելով, որ աշխատանքներն իրականացվում են ԱՀ կառավարության և ծննդով սղնախցի բարերար Արման Հակոբջանյանի ֆինանսավորմամբ:
Ե. Ղահրամանյանի խոսքով՝ այս օրերի ընթացքում համայնքում իրականացվել է շուրջ 20 քառ./մ սալապատում:
«Գյուղամիջյան ճանապարհները գտնվում էին անմխիթար վիճակում: Անցած տարի համայնքում կառուցել ենք խմելու ջրի ներքին ցանց, որը ևս պատճառ է հանդիսացել ճանապարհների անանցանելիության համար: Ուրախ ենք, որ մեր համագյուղացու ջանքերով կունենանք բարեկարգ փողոցներ, և մեր բնակչությանը հուզող այս հարցը ևս կլուծվի: Ճանապարհներն ունենալու են մոտ 4 մ լայնություն, կառուցելու ենք նաև հենապատեր»,-մասնավորապես ասել է համայնքի ղեկավարը:
Խոսելով այլ խնդիրներից՝ Ե. Ղահրամանյանը տեղեկացրել է, որ Սղնախը մանկապարտեզի շենք չունի, այն դեպքում, երբ նախադպրոցականների թիվը հասնում է 30-ի, իսկ դպրոցի շենքը բավականին հին է. այն վերանորոգման կարիք ունի:
Առաջիկայում Ա. Հակոբջանյանի միջոցներով նախատեսվում է իրականացնել նաև համայնքի փողոցների լուսավորության աշխատանքներ: