ԱՀ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջով հանդես է եկել հայտարարությամբ՝ մասնավորապես, նշելով, որ ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող հարկային մարմինների միջոցով ահաբեկում են տնտեսավարող սուբյեկտների աշխատակիցներին, վախեցնելով, որ ընտրություններից հետո հարկային ստուգումներ են ձեռնարկելու այն կազմակերպություններում, որոնց աշխատակիցները չեն քվեարկի իշխանության թեկնածու Արայիկ Հարությունյանի օգտին:
Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ ֆինանսների նախարարությունից:
Ֆիննախից ի պատասխան հայտնում են, որ հարկային մարմինը, լինելով ապաքաղաքականացված, որևէ թեկնածուի օգտին քարոզչություն չի իրականացրել և չի իրականացնելու։
«Այդ հիմնազուրկ և կեղծ մեղադրանքները հնչեցնելու փոխարեն՝ գրառման հեղինակից պահանջում ենք ներկայացնել գոնե մեկ հիմնավոր ապացույց, որը կփաստի գրառման ճշմարտացիությունը։ Մեր պահանջները կատարելու դեպքում՝ պատրաստ ենք օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել այն հարկային ծառայողներին, ովքեր թույլ են տվել հարկային ծառայողի վարքագծի կանոնների խախտում։ Ողջամիտ ժամկետում փաստեր չներկայացնելու դեպքում՝ գրառման հեղինակից պահանջում ենք հրապարակային հերքել անհարկի շահարկումներ պարունակող հայտարարությունը, այլապես դա կդիտարկվի hարկային համակարգի համբավը արատավորելու միջոցով քաղաքական դիվիդենտներ շահելու էժանագին փորձ։ Միաժամանակ հայտնում ենք, որ հարկային մարմինն այսուհետ ևս կշարունակի իրականացնել իր առաքելությունը՝ ԱՀ Սահմանադրությամբ և «Հարկային ծառայության մասին» ԱՀ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ ապահովելով հարկային օրենսդրության ամբողջական և համահավասար կիրառումը»,-ասված է հայտարարության մեջ։