Artsakhpress

Վերլուծական

«Վարակի տարածումը զսպող չինական օրինակը անհրաժշտություն պիտի լինի ԵՄ-ին». Շահան Գանտահարյան

Կորոնավիրուսի դեմ երկրագնդի հայտարարած պատերազմը ինչ որ տեղ ավարտ է ունենալու։ Անպայման: Ավելի ճիշտ՝ ճակատամարտը:

«Վարակի տարածումը զսպող չինական օրինակը անհրաժշտություն պիտի լինի ԵՄ-ին». Շահան Գանտահարյան

«Վարակի տարածումը զսպող չինական օրինակը անհրաժշտություն պիտի լինի ԵՄ-ին». Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պատերազմն ավելի երկարատեւ հասկացություն է եւ հայտնաբար կենսագիտական հարթության վրա մարդկությունը պիտի շարունակի դիմագրավել համավարակների դեմ պայքարելու տարբեր տեսակի մարտահրավերները:
Երկարատեւության մասին համոզվելն ունի որոշակի հիմնավորում: Նախ այն, որ շրջանցելով դավադրական տեսությունների խայտաբղետ պատկերը, ընդունենք, որ վարակի ծնունդը, այս դեպքում փոխակերպումը չունի իր գիտական բացատրությունը: Կենսագիտությունը, գեթ մինչեւ այս պահը կարող է վարակի տեսակի, գենետիկական հատկությունների եւ փոխակերպված լինելու մասին հաստատումներ, հայտնաբերումներ անել առանց բացատրություն տալու կազմության պատճառականության կամ փոխակերպման շարժառիթների մասին: Սա ենթադրում է, որ հետագայում արձանագրվելիք նոր մանրէների կամ վարակների ծնվելը կամ նախկինների փոխակերպումները հակակշռելի կամ ավելի ճիշտ` վերահսկելի չեն գիտական կենտրոնների կողմից: Բնության հոլովույթի հետ կապված երեւեույթներ (աներեւույթներ) են այն միտումները, որոնք արձանագրվում են եւ դեռեւս առաջիկայում երեւալու (չերեւալու) նախադրյալներ ունեն։
Կենսաբանական սպառազինությունը չի նմանվում դասական սպառազինությանը: Արտահանված վարակը անպայման չի սահմանափակվում տվյալ աշխարհագրական միջավայրում:Համաճարակը (էպիդեմիա) շատ արագ վերածվում է համավարակի (պանդեմիա) տարածականությանը ներառելով աշխարհագրական տարբեր երկրամասեր: Բումերանգը իր բացարձակ իմաստով առարկայանուն են այս դեպքում: 
Հավանաբար սա պատերազմի միակ ձեւաչափն է, որտեղ հակառակորդները իրար փոխլրացնելու հրամայականի առաջ են կանգնել: Վարակի տարածումը զսպող չինական օրինակը անհրաժշտություն պիտի լինի ԵՄ-ին։ Գուցե իրանյանը կամ կուբայականը` ԱՄՆ-ին: 
Դեռեւս չենք խոսում համաշխարհայնացված բաց հասարակությունների, բաց համակարգերի եւ բաց սահմանների տրամագծորեն հակառակ ուղղությամբ սրընթաց կշռույթներով արձանագրվող գործընթացների մասին, որոնք ազդարարում են աշխարհակարգի կտրուկ փոփոխություն: 
Կենսաբանական պատերազմում իրար հակակշռող, իրար գերազանցող սպառազինության փոխարեն փոխլրացնող, փորձառություններ փոխանակող ամբարող զինուժերին է վերաբերում ահազանգվող անհրաժեշտությունը: 
Հիմա մրցավազքը շեշտակիորեն վերաբերում է պատվաստանյութի գյուտի հայտնաբերմանը: Եթե մի կողմից տվյալ պետության գերակայության հաստատման հետ է կապված այն, եւ նախ իր երկրի բնակչությունը փրկելու նպատակ ունի,  ապա նույնքան շեշտակիորեն` արտահանման եւ մոգական նյութի ձեռք բերման համար աստղաբաշխական գումարներ կուտակելուն: 
Այս պատճառով էլ տվյալ ընկերության խոստումնալից հայտարարությունները խիստ վերապահությամբ են ընկալվում մի  այլ ընկերության կողմից: Տարատեսակ են նաեւ պատվաստանյութի գյուտի կամ վարակի անհայտացման մասին ժամկետներ ենթադրող տեսությունները:
Երկրագունդն արագորեն կլանած վարակի տարածման արագությունը, աներեւութականությունը անվերահսկելիությունը հարվածել են ներկա աշխարհակարգի հիմնասյուները:
Քաղաքագիտական եւ ընկերաբանական վերլուծումներում կար տեսություն, որ Հայաստանի երկրաշարժը քանդեց երկաթյա վարագույրը եւ նախանշեց Խորհրդային Միության փլուզումով նոր աշխարհակարգի ձեւավորումը: Կենսաբանական փոթորիկը ի հայտ բերեց բեւեռների խոցելիությունը, գործընթացների վրա դժվար վերահսկողության փաստերը, երբեմն նույնիսկ որոշ զարգացած երկրների անօգնական վիճակում հայտնվելը: Այլոց դեպքում` բժշկագիտական որակը, քաղաքացիների կարգապահական գիտակցությունը, վարչակառավարման հմտությունները, հակախուճապայնությունը եւ վերահսկելիությունը: 
Թվում է, որ հետկորոնական ժամանակահատվածի համար նման բաղադրատարրեր առանցքային նշանակություն ունեն համարժեք սպառազինվել ու առաջադրանք կատարող պետությունների եւ հասարակությունների համար:
 
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search