««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակներում Արցախում տնային պայմաններում բուժում ստացող միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող ավելի քան 165 անձանց տրամադրել է օգնություն՝ սննդի և բժշկական պարագաների տեսքով:
«Առողջ Արցախ» ծրագրի շրջանակներում ավելի քան 165 անձանց տրամադրվել է օգնություն. առաջիկայում նախատեսվում են այլ ծրագրեր ևս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ համահիմնդիր Սևակ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ աջակցության ծրագիրը գործելու է այնքան ժամանակ, որքան բավարարեն ֆինանսական միջոցները, որոնք, ընդ որում, ստացվում են տարբեր աղբյուրներից:
Ս. Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, կազմակերպություններին, կամավորներին, ովքեր այս օրերին միասնական կերպով կարողանում են աջակցել հանրապետությունում ապրող կարիքավորներին:
Մեր զրուցակիցն իր խոսքում մասնավորապես ավելացրել է. «Միայն մեկ նախաձեռնության շրջանակներում հնարավոր չէ ապահովել անհրաժեշտ պարագաների տրամադրումը խոցելի և օժանդակության կարիք ունեցող քաղաքացիներին։ Այդ իսկ պատճառով առաջնահերթություն է տրվում ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից ներկայացված, հաշվառված,տնային պայմաններում բուժում ստացող միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը, ինչպես նաև աջակցության սահմանաչափը։ Ուստի մեր քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ մեր գործունեությանը»:Խոսելով «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մասին՝ Ս. Հակոբյանն ասել է, որ նախատեսվում է նաև սոցիալական այլ խմբերի ևս աջակցություն տրամադրել: