Հայաստանը և Արցախը հաղթանակ կարձանագրեն կորոնավիրուսի դեմ պայքարում ևս. ՀՀ Նախագահ
Արցախ կատարած այցելության ընթացքում ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկելու ենք այս օրերին սահմանում տիրող իրավիճակը, Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները և ներդրումների հնարավորությունները՝ մանավանդ այսօր, երբ միջազգային կապերը և տնտեսական զարգացումը բավականին խրթին են՝ կապված առկա գլոբալ ճակատամարտի հետ:
Հայաստանը և Արցախը հաղթանակ կարձանագրեն կորոնավիրուսի դեմ պայքարում ևս. ՀՀ Նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը:
«Արցախի հաղթանակած ժողովուրդը պետք է այս ճակատամարտում էլ հաղթի։ Հաղթել է ռազմի դաշտում, հաղթել է պետություն կառուցելու գործում, պետք է հաղթի նաև այս գլոբալ արհավիրքին՝ կորոնավիրուսին։ Եթե փորձեմ պարզ բառերով ձևակերպել, այն բուժող դեղամիջոցն առաջին հերթին հոգատարությունն է, որովհետև կորոնավիրուսն ազդում է նախ և առաջ առողջությամբ թույլ և տարիքով մեծ անհատների վրա։ Հետևաբար, սեր ու հոգատարություն է պետք նրանց նկատմամբ, ովքեր թույլ են և տարեց։ Երկրորդը՝ պատասխանատվություն։ Հատկապես դիմում եմ երիտասարդներին, որոնք նմանատիպ հիվանդությունն ավելի հեշտ են տանում, բայց դա չի նշանակում, որ անպատասխանատու լինելով, այդ հիվանդության հնարավոր կրողը լինելով, այն չեն կարող չփոխանցել մոտիկ և հարազատ մարդկանց։ Ուրեմն՝ հոգատարություն, պատասխանատվություն, կարգապահություն և կազմակերպվածություն։ Իհարկե, պետությունն այստեղ դեր ունի, և այդ առիթով, կարծում եմ, ժամանակ կունենանք խոսելու Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ես հաճույքով կփոխանցեմ այն փորձը, գիտելիքները, որ այս վերջին շրջանում ինքս ձեռք եմ բերել՝ տարբեր երկրների ղեկավարների, առողջապահության նախարարների, գիտնականների հետ շփումից»,- նշել է Ա. Սարգսյանը:
ՀՀ Նախագահն ընդգծել է, որ այդ փորձառության փոխանցումը իր պարտականությունն է համարում: «Սա մեկ ուրիշ ճակատամարտ կամ պատերազմ է, որը պետք է տանենք անտեսանելի թշնամու դեմ, որն, ընդ որում, համաշխարհային թշնամի է։ Շատ էական է, թե այդ ճակատամարտից ինչպես դուրս կգանք։ Հույս ունեմ, որ Հայաստանը և Արցախը այս մեծ մարտահրավերից դուրս կգան հաղթանակած և նվազագույն կորուստներով»,- նշել է Ա. Սարգսյանը: