2019 թվականին Արցախում իրականացվել է 64.6 մլրդ դրամի շինարարություն, ինչը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 23.1 %-ով:
Անցած տարում Արցախում իրականացվել է 64.6 մլրդ դրամի շինարարություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը և ավելացրել, որ իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 90.9 %-ը:
Նրա խոսքով՝ շինարարության 42.6%-ը կատարվել է կազմակերպությունների, 41.5%-ը` պետական բյուջեի, 7.2%-ը` այլ միջոցների, 4.3%-ը` բնակչության միջոցների, 3.1%-ը` մարդասիրական օգնության, 1.1%-ը` արտաբյուջետային միջոցների և 0.2%-ը`համայնքների միջոցների հաշվին:
«Ըստ տնտեսական գործունեության տեսակների՝ հանրապետությունում իրականացված շինարարության 24.9%-ը բաժին է ընկել հանքագործական արդյունաբերությանը և բացահանքերի շահագործմանը, 17.7%-ը` էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը, 13.3%-ը` փոխադրումներ և պահեստային տնտեսությանը, 11.5%-ը՝ անշարժ գույքի հետ կապված գործունեությանը»,- ավելացրել է Մ. Մինասյանը: