Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությունում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները:
Ստեփանակերտում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը՝ մանրամասնելով, որ Արցախի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցած 477 աշակերտից եզրափակիչ փուլ է անցել 72-ը:
Նրա խոսքով՝ աշակերտների կողմից բարձր միավորներ են գրանցվել հիմնականում հումանիտար առարկաներից:
««Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկաներից արձանագրվել են 18-20 միավորներ: Մեծ սպասելիքներ ունեինք նաև «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Անգլերեն» առարկաներից, բայց ցուցանիշները գոհացուցիչ չէին: Հուսով ենք, որ եզրափակիչ փուլում արցախցի աշակերտները բարձր արդյունքներ կգրանցեն»,-մասնավորապես ասել է նա:
Ռ. Մուսայելյանը նաև նշել է, որ փետրվարի 21-ից Հայաստանում արդեն մեկնարկել է օլիմպիադայի եզրափակիչ փուլը, և այն տևելու է մինչև մայիսի 17-ը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ մրցանակակիր աշակերտներն ԱՀ ԿԳՍ նախարարության կողմից կխրախուսվեն պատվոգրերով և դրամական պարգևներով, գովասանագրի կարժանանան նաև օլիմպիադաներում ակտիվ մասնակցություն ցուցաբերած աշակերտները: