Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները կոչ են արել դադարեցնել մարտերն Իդլիբում
Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնն ու Անգելա Մերկելը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ են արել հաշտության ելք գտնել սիրիական Իդլիբում, որպեսզի հնարավոր լինի խուսափել հումանիտար աղետից և անվերահսկելի ռազմական էսկալացիայից:
Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները կոչ են արել դադարեցնել մարտերն Իդլիբում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում էTert.am-ն:
«Մենք գիտենք, որ այսօր Իդլիբում տեղի է ունենում հումանիտար աղետ, Ռուսաստանի կողմից աջակցվող (սիրիական) ռեժիմի ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները»,- ասել է Մակրոնն ու հավելել, որ ռազմական գործողությունների արդյունքում ավերվել են հիվանդանոցներ, ոչ կառավարական օբյեկտներ, իսկ հումանիտար ընկերությունների աշխատակիցները հարձակման են ենթարկվել:
«Կրկին սպանվել են թուրք զինվորներ: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Բացի այդ, Իդլիբում հիմա տեղի է ունենում միգրացիոն ճգնաժամ. շուրջ 2 մլն մարդ գտնվում է վտանգավոր իրավիճակում և տեղափոխման կարիք ունի»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ իր և Մերկելի կարծիքով` իրենք կարող են հարցին լուծում գտնել միայն հրադադարի անհապաղ կոչով:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին Իդլիբում տիրող իրավիճակը: Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ միջգերատեսչական խորհրդակցություններն Իդլիբի հարցում՝ լարվածության նվազեցման, խաղաղ կարգավորման և ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման համար:
Թուրք նախագահի վարչակազմից հայտնել էին, որ Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցում, որպես Իդլիբում իրավիճակի կարգավորման գլխավոր պայման, նշել է Սոչիի համաձայնագրի իրագործումը: Բացի այդ, Անկարան հայտարարել է «տարածաշրջանում սիրիական բանակին զսպելու անհրաժեշտության» և այնտեղ հումանիտար ճգնաժամի կանխման մասին: