Նախօրեին կայացած Խորհրդարանի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ 26 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել էր կից փաթեթով:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծ է ընդունել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով այն՝ ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն ասել է, որ առաջարկվող փոփոխությամբ կկատարելագործվի հասարակական կազմակերպությունների ստեղծման, կառուցվածքի ձևավորման, կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կազմակերպման համակարգը, ինչպես նաև կբարձրացվի կանոնադրության դերը:
«Քաղաքացիական հասարակության կառույցները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները առանցքային դեր ունեն ժողովրդավարության, այդ թվում՝ իրավունքի գերակայության, հանրային կառավարման թափանցիկության, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները կայացնելիս հասարակության տարբեր շերտերի ապահովման գործընթացում: Ուստի, հասարակական կազմակերպությունների ազատ և արդյունավետ գործունեության իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը կարևոր նախապայման է հասարակության կայուն զարգացման համար»,- նշել է Ա. Դանիելյանը:
Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծով՝ ՀԿ-ներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ընձեռնմամբ կտրամադրվի ֆինանսական կայունությունը ապահովող արդյունավետ գործիք: Առավել թափանցիկ կդարձվի ՀԿ-ների գործունեությունը, կապահովվի հասարակության անդամների տեղեկացվածությունը գործող ՀԿ-ների, նրանց կողմից իրականացվող ծրագրերի, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող աջակցության մասին:
Գլխադասային՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: