Խորհրդարանի այսօրվա նիստին 20 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Խորհրդարանն ընդունել է «Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանն ասել է, որ վերջին տարիներին, փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք դարձել են բարձր ռիսկայնության և հրատապ լուծում պահանջող:
«Փոքր ՀԷԿ-երի զարգացմանը զուգընթաց՝ նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են «Կարմիր գրքում» գրանցված բուսական և կենդանական տեսակները, գետերը հայտնվում են ճգնաժամային վիճակում: Հնարավորության սահմաններում շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունը կանխարգելելու, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հէկ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից, նոր կառուցվող հէկ-երին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտնաբերման հիմքերը, ինչպես նաև լրացումներ կատարել և ամրագրել «սակավաջրություն» ու «երաշտ» հասկացությունները, հստակեցնել լիազոր մարմնի իրավասությունները՝ տարին սակավաջուր հայտարարելու ուղղությամբ, որոնք կկանխարգելեն շրջակա միջավարի վրա փոքր հէկ-երի վնասակար ազդեցությունները»,- մանրամասնել է Ֆ. Գաբրիելյանը: Նախարարի խոսքով՝ գործող Ջրային օրենսգրքով սահմանված մերժման հիմքերից բացի, ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է նոր կառուցվող փոքր հէկ-երի ջրօգտագործման թույլտվությունների հայտերը, մերժել եթե փոքր հէկ-երի կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա, որոնցում առկա են Արցախի «Կարմիր գրքում» գրանցված կամ տարածքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրերը, որոնց ծանրաբեռնվածությունը դելիվացիոն խողովակներով 40 % և ավելի է, կամ էլ որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր, ու նախատեսվող ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը: Գլխադասային՝ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: