Արցախի Հանրապետության ոստիկանությունում լռությունը խախտելու, բարձր երաժշտություն լսելու կամ ուշ ժամերին հրավառության վերաբերյալ զանգեր քիչ չեն ընդունվում:
Գիշերային ժամերին հրավառություն կազմակերպելը հանգեցնում է վարչական պատասխանատվության
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակիցը տեղեկացել է ԱՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից:
Նշված դեպքերի վերաբերյալ կան հստակ իրավական կարգավորումներ, որոնց խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության:
«Չնախատեսված ժամի հրավառության վերաբերյալ հաղորդում ոստիկանությունում ստացվել է փետրվարի 3-ին՝ ժամը 23:55-ին. Ստեփանակերտ քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հրավառություն է իրականացվել: Պարզվել է, որ հրավառություն իրականացնողը 1999 թվականին ծնված Ասկերանի շրջանի բնակիչ Ա. Բեգլարյանն է: Վերջինս տուգանվել է 100.000 ՀՀ դրամով: Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված՝ գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելու, բարձրաձայն երգելու կամ երաժշտական գործիքներ նվագելու կամ ձայնային ազդանշաններ տալու կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելու բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում, կամ բնակելի տարածություններում, կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում, կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելու համար, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը: Նույն հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը պատասխանատվություն է սահմանել նաև գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար։ Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»,-տեղեկացրել են ԱՀ ոստիկանությունից։
ԱՀ ոստիկանությունը հորդորում և պահանջում է՝ խստիվ պահպանել օրենսդրության պահանջները և տոնակատարության ընթացքում չխաթարել այլ անձանց խաղաղ հանգստի իրավունքը։