ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության, «Ապառաժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Գիրք նվիրելու օրվան նվիրված, այսօր կայացել է տոնական միջոցառում:
Ստեփանակերտում նշվել է Գիրք նվիրելու օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը քաղաքացիները գրքեր են նվիրաբերել «Գրքի բանկին», որտեղ հավաքված ամբողջ գրքերը, որպես նվիրատվություն, փոխանցվելու են Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի դպրոցի գրադարանին:
Գիրք նվիրելու օրվա առթիվ ներկաներին շնորհավորել և ողջույնի խոսքով հանդես է եկել Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը: Նա կարևորել է, որ բոլորի կյանքում միշտ անպակաս լինեն հետաքրքիր, ուսուցանող, մարդկանց աշխարհայացքն ընդլայնող գրքերը:
«Թող գիրքը դառնա բոլորիս ամենամտերիմ ու ամենահարազատ ընկերը: Գրքի հետ կարելի է մեկնել ամենաերկար ճանապարհորդության ու երբեք չհոգնել նրա հետ զրուցելուց: Այսօրվա միջոցառման նպատակն է ոչ միայն արժևորել գրքի նշանակությունը մեր կյանքում, սերը դեպի ընթերցանությունն ու գիրքը, այլև համալրել սահմանամերձ գյուղերի գրադարանները ժամանակակից գրականությամբ»,- նշել է Հ. Ավագյանը:
Իր հերթին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ միջոցառումը կազմակերպվում է արդեն երկրորդ տարին, որի շրջանակներում մեր քաղաքացիներին հնարավորություն է տրվում կատարելու փոքրիկ նվիրատվություններ դպրոցականների համար:
ԱՀ ՄԵՀԶ նախարարը Աղավնոյի դպրոցականներին է նվիրել հայ մեծանուն գրող Ավետիս Ահարոնյանի 150-ամյակին նվիրված գիտական աշխատանքների ժողովածուն:
Լ. Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ «Գրքի բանկը» շուտով կհամալրվի բազմաբնույթ գրքերով, և Աղավնոյի դպրոցականները կունենան այն գրքերը, որոնք իրենք ցանկանում էին տեսնել իրենց դպրոցական գրադարանում:
Հիշեցնենք, որ «Գրքի բանկ»-ը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կմնա մինչև մարտի 1-ը, և ցանկացողները կարող են իրենց բաժին գիրքը նվիրել է վերաբնակեցված գյուղի դպրոցի գրադարանը համալրելու համար:
Նշենք, որ Հայաստանում Գիրք նվիրելու օրը նշվում է 2008 թվականից՝ ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ: Այս օրը կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, դպրոցներին՝ փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը: