Artsakhpress

Տնտեսական

Գերմանիան ՀՀ-ի կարևորագույն գործընկերն է. առևտրաշրջանառությունն աճել է 4.2 տոկոսով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 13-ին Բեռլինում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Գերմանիան ՀՀ-ի կարևորագույն գործընկերն է. առևտրաշրջանառությունն աճել է 4.2 տոկոսով

Գերմանիան ՀՀ-ի կարևորագույն գործընկերն է. առևտրաշրջանառությունն աճել է 4.2 տոկոսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանդիպման ընթացքում Գերմանիայի և Հայաստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական քաղաքականությանը, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կկայանա փետրվարի 14-16-ը:
Ներկայացնում ենք Հայաստան-Գերմանիա քաղաքական, տնտեսական կապերի վերաբերյալ տեղեկատվություն և թարմ վիճակագրություն:
Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանը երկու տասնյակից ավելի պաշտոնական այց է կատարել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի մակարդակով: 1995թ.-ից պաշտոնական այցով Գերմանիայից Հայաստան այց եղել է Բունդեսթագի նախագահի, փոխվարչապետի և ԱԳ դաշնային նախարարի մակարդակով: Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերն առաջին այցը կատարեց Հայաստան 2018 թվականին՝ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո:
Նիկոլ Փաշինյան-Անգելա Մերկել հանդիպում
2018 թվականի հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների, այդ թվում կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Հաջորդ հանդիպումը կարճ ժամանակ անց էր: Այս անգամ պատմական այցի շրջանակում: 2018 թվականի օգոստոսի 24-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: «Զվարթնոց» օդանավակայանում Անգելա Մերկելին դիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ԳԴՀ կանցլերն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի գլխավորությամբ Երևանում կայացել են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ: Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են տնտեսության տարբեր ճյուղերում ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համատեղ նոր նախաձեռնությունների հեռանկարներին:
«Այս այցը կայանում է Հայաստանում մեծ փոփոխություններից հետո. որքան անսպասելի էր այն մեզ համար, այդչափ դրական ձեր երկրի համար: Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Գիտենք, որ սա բարդ տարածաշրջան է և պատրաստ ենք օգտակար լինել ձեզ` խնդիրների կարգավորման գործում լինելով ձեր գործընկերը: Մենք պատրաստ ենք խթանել և զարգացնել երկկողմ տնտեսական կապերը: Լիահույս ենք, որ կկարողանանք արձանագրել նոր արդյունքներ այդ ուղղությամբ»,-Երևանում նշել է Անգելա Մերկելը:
ՀՀ վարչապետը և Գերմանիայի կանցլերն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ձևաչափին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը` վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից 2016թ. Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:
Երկու երկրների ղեկավարների հաջորդը հանդիպումը կրկին չուշացավ: Այն կայացավ մի քանի ամիս անց՝ 2019 փետրվարի 1-ին Բեռլինում:  Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելը վստահություն հայտնեցին, որ այս հանդիպումը նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական բարեկամական համագործակցությանը: Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և պատրաստ է քննարկել երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները: Նրանց քննարկման առանցքում է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ երկխոսությունը տնտեսական տարբեր ծրագրերի իրագործման ուղղությամբ:
Տնտեսական ցուցանիշներ
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ 2019 թվականին կազմել է 451.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 4.2 տոկոսով, 2018 թվականին կազմել է 432.9 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Գերմանիա կազմել է 69.6 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 48.9 տոկոսով, 2018 թվականին կազմել է 136.1 մլն ԱՄՆ դոլար: Ի տարբերություն Հայաստանից Գերմանիա արտահանելու ցուցանիշի նվազմանը, հակառակ ուղղությամբ աճ է գրանցվել: 2019 թվականին Գերմանիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 381.68 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 28.6 տոկոսով, 2018 թվականին կազմել է 296.9 մլն ԱՄՆ դոլար: 
Նախորդ տարի Հայաստանից Գերմանիա հիմնականում արտահանվել է վերարկու, թիկնոց, անձրևանոց, էթիլային սպիրտ, ոսկերչական իրեր: Գերմանիայից ներմուծված և աճ գրանցած հիմնական ապրանքատեսակներն են մարդատար ավտոմեքենա, շարժիչային փոխադրամիջոց բեռնափոխադրման համար, դեղամիջոցներ, շարժիչ տուրբո-ռեակտիվ և այլն:
Հայոց ցեղասպանության ճանաչում
2005թ. հունիսի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշում է ընդունել: 2015թ. ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ է հանդես եկել ԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկը, իսկ 2016թ. հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ այդ ժամանակ Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի ուղեկցությամբ եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ հարգանքի տուրք մատուցեց: Մերկելը նաեւ եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Հիշողության պուրակում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search