ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության համակարգում գործող «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատություններ» ՊՈԱԿ-ներում 2019 թ-ի ընթացքում խնամք են ստացել առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների մոտ 4 տասնյակ երեխա:
ԱՀ գիշերօթիկ հաստատություններում 2019 թ-ին խնամք է ստացել 4 տասնյակ երեխա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ նախարարությունն իր առաջնահերթ նպատակներից է համարում գիշերօթիկ հաստատությունների երեխաների բարեկեցությունը, բնակության՝ ընտանեկանին առավելագույնս մոտ պայմանների ստեղծումը, առողջությունը, կրթությունն ու դաստիարակությունը՝ հասարակության լիարժեք և ինքնուրույն անդամներ ձևավորելը:
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունների միջև համագործակցության հուշագրի դրույթների իրականացման 2015 թվականի ծրագրի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» հիմնադրամի կողմից մեր նախարարությունում տեղադրվել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հաշվառման ծրագիրը և աշխատանքներ են իրականացվել ԱՀ–ում տեղայնացնելու և համակարգի շահագործումը իրականացնելու նպատակով»,- մասնավորապես ասել է նախարարը: