ԱՀ կառավարության նիստին այսօր հաստատվել է 2020 թվականի ԱՀ պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի որոշման նախագիծը:
2020 թ-ի կապիտալ ծախսերը կազմում են պետական բյուջեի 16,3%-ը. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նրա խոսքով՝ որոշման նախագիծը մանրամասն քննարկվել է շրջվարչակազմերի և գերատեսչությունների ղեկավարների հետ:
Խոսելով 2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի գերակա ուղղությունների մասին, նախարարը մանրամասնել է. «Աշխատանքներ են իրականացվելու հետևյալ ոլորտներում. բնակարանաշինություն, որն իր մեջ ընդգրկում է հետևյալ ենթածրագրերը` բազմազավակ, զոհված ազատամարտիկների, այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակարանների վերանորոգում, կառուցում կամ գնում և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային խնդիրների ապահովում: Կրթություն, որն իր մեջ ընդգրկում է հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հիմնարկների շենքերի կառուցում, վերակառուցում և կապիտալ վերանորոգում:Միջոցներ են հատկացվելու նաև ճանապարհաշինության, մշակույթի և սպորտի բնագավառներին, ԱՀ բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեղադրմանը, ջեռուցման համակարգերի վերակառուցմանը, էներգետիկ համակարգերի արդիականցմանը»:
Կ. Շահրամանյանն ասել է նաև, որ 2020 թ-ի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսերը կազմում են 19 մլրդ 780 մլն դրամ (այն կազմում է 16,3%-ը)` նախորդ տարվա 24 մլրդ 086 մլն 800 հազար դրամի դիմաց: 2020 թ-ի կապիտալ ներդրումների ծրագրում նախևառաջ ընդգրկվել են փոխանցիկ և տարաժամկետ վճարման կարգով իրականացված օբյեկտները, որը կազմում է ընդհանուր ծրագրի մոտ 54 % կամ, գումարային առումով, մոտավորապես 10 մլրդ 639 մլն դրամ:
Նախարարը նշել է նաև, որ Ստեփանակերտի քաղաքապետարանին կհատկացվի 400 մլն դրամ, որը կուղղվի քաղաքի հենապատերի և աստիճանների, բազմաբնակարան շենքերի ճակատային մասերի վերանորոգման, մանկական խաղահրապարակների կառուցման և բակերի բարեկարգման, աղբյուրների վերակառուցման, մայթերի վերանորոգման ու վերակառուցման և այլ աշխատանքներին: