Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Բնագիտական» լաբորատորիայում ստացված մաշկի խնամքի միջոցը «Երևանի տեխնոլոգիական ինստիտուտ» հիմնադրամի կողմից փորձաքննություն է անցել Եվրամիության լաբորատորիայում և արժանացել հավաստագրի:
Արցախյան բույսերից պատրաստված կոսմետիկ միջոցներն արժանացել են Եվրամիության լաբորատորիայի հավաստագրին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Բնագիտական» լաբորատորիայի հիմնադիր-ղեկավար, պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ներսիսյանը՝ մանրամասնելով, որ բուհի լաբորատորիայում ստացված արդեն երկրորդ կոսմետիկ միջոցն է Սլովակիայի Բրատիսլավա քաղաքի «Eurofins Bel/Novamann» լաբորատորիայում ենթարկվել ֆիզիկաքիմիական փորձաքննություն և ստացել հավաստագիր:
«Համալսարանի «Բնագիտական» լաբորատորիան բնական ծագման հումքի հիման վրա պարբերաբար իրականցնում է պրեպարատների արտադրություն:
Առաջին անգամ Եվրամիության լաբորատորիա փորձաքննության է ուղարկվել «Քուին Էսթեր» (Էսթեր թագուհի), այնուհետև «Դոննա Մերի» կոսմետիկ միջոցները: Դրանք նախատեսված են տարիքային փոփոխություններ կրած մաշկի խնամքի համար, ունեն հակաբորբոքային էֆեկտ, հարթեցնող և սնուցող հատկություններ, վերացնում են կնճիռները և հակաբակտերիալ են: Պատրաստված են Արցախի բուսական աշխարհի բնական բաղադրիչներից և մարդկանց համար անվտանգ են:
Նախապես այդ քսուքները Հայաստանի Հանրապետության «Մտավոր սեփականություն» գործակալության կողմից հավատարմագրվել են, որից հետո ուղարկվել Եվրամիության լաբորատորիա: Փորձաքննության արդյունքները գնահատվել են դրական, քսուքները՝ ճանաչվել անվտանգ ու բնական: Համալսարանում ստացված ևս մեկ մաշկի խնամքի քսուք՝ «Դոննա Լիզա» անվամբ, օրերս ուղարկվելու է փորձաքննության և լիահույս ենք, որ արդյունքները կլինեն բավարար»,-մասնավորապես ասել է նա: