Artsakhpress

Վերլուծական

Թրամփի իսրայելա-պաղեստինյան «խաղաղության ծրագիրը» երկարատև պատերազմի բաղադրատոմս է

2020 թ․ հունվարի 28-ին նախագահ Թրամփը Սպիտակ տանը հրապարակեց Իսրայելի և Պաղեստինի միջև իր երկար սպասված «խաղաղության ծրագիրը»։ Ծրագրի ճարտարապետը նախագահի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն է:

Թրամփի իսրայելա-պաղեստինյան «խաղաղության ծրագիրը» երկարատև պատերազմի բաղադրատոմս է

Թրամփի իսրայելա-պաղեստինյան «խաղաղության ծրագիրը» երկարատև պատերազմի   բաղադրատոմս է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Խաղաղության ծրագիրն» ուներ մի շարք թերություններ՝ նախքան այն հայտարարելը։ Նախ, ոչ Թրամփը, ոչ նրա փեսան որևէ տեղեկություն չունեին արաբա-իսրայելական հակամարտության բարդության վերաբերյալ: Իր նախագահության սկզբից, դրսևորելով իր անտեղյակությունը, Թրամփը շարունակաբար ասում էր, որ դա հեշտ լուծվող խնդիր է։ Նրա ուղղափառ հրեա փեսան նույնքան անտեղյակ է մերձավորարևելյան հակամարտության հարցում: Եթե ​​այդքան հեշտ լիներ խնդրի լուծումը, ապա այն վաղուց լուծված կլիներ:
Թրամփի «խաղաղության ծրագիրը» ոչ այլ ինչ է, քան խորամանկ քայլ՝ շեղելու ուշադրությունը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոռուպցիայի ամբաստանությունից և Թրամփի պաշտոնազրկման գործընթացից։ Իսրայելցիների և պաղեստինցիների միջև բարեխիղճ միջնորդը պետք է լինի անաչառ և չեզոք: Թրամփը հեռու է այս հիմնական պահանջը բավարարելուց՝ ոչ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց հետո՝ վիճելի Երուսաղեմը ճանաչելով որպես Իսրայելի մայրաքաղաք, ոչ էլ Սիրիայի Գոլանի բարձունքները (Իսրայելը դրանք գրավել է 1967 թ․ պատերազմում) Իսրայելի տարածք հայտարարելուց հետո։ Սրանք բարդ միջազգային իրավունքի խնդիրներ են և ենթակա են լայնածավալ բանակցությունների: Սրանք են պատճառները, թե ինչու հակամարտությունը մինչ օրս լուծված չէ: Միայն նա, ով տեղյակ չէ այս բարդությունների մասին, կարող է ասել, որ սա հեշտ լուծվող հարց է և հանդես գա մի այնպեսի ծրագրով, որն ամբողջովին միակողմանի է և բավարարում է Իսրայելի բոլոր պահանջները, բայց պաղեստինցիների ոչ մի պահանջ․․․
Առաջարկված «խաղաղության ծրագիրը» իրականում չի բխում ոչ իսրայելցիների և ոչ էլ պաղեստինցիների շահերից: Թրամփի ծրագրի պայմանները թելադրված են Իսրայելի կողմից՝ իր անվտանգության պահպանման քողի տակ։ Դա «օրինականացնում է» Արևմտյան ափի հրեական բնակավայրերը և երկարացնում դրանց գոյությունը: Ապագա պաղեստինյան պետության սահմաններում գտնվող այս բնակավայրերը զգալի ռիսկ են ստեղծում Իսրայելի բնակչության անվտանգության համար՝ շարունակելով հակամարտությունն ու արյունահեղությունը: Առաջարկվող Պաղեստինի պետությունը չորս կողմից շրջապատված է Իսրայելով՝ պահպանելով ռազմական լիակատար վերահսկողություն պաղեստինցիների նկատմամբ։ Ավելին, Երուսաղեմի կարգավիճակը մնում է չլուծված: Ենթադրվում է, որ Իսրայելը կտիրանա ամբողջ Երուսաղեմին՝ սահմանափակելով Պաղեստինի մայրաքաղաքը քաղաքի ծայրամասում գտնվող գյուղում: Սա բոլորովին անընդունելի է ոչ միայն պաղեստինցիների, այլև աշխարհի բոլոր արաբների ու մահմեդականների, ինչպես նաև բոլոր նրանց համար, որոնք հավատում են խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի միջոցով։
Թրամփի «խաղաղության ծրագիրը» չորս տարի ժամանակ է տալիս երկու կողմերի միջև բանակցությունների համար: Սակայն, հենց սկզբից այս  ծրագիրը պաղեստինցիներին դնում է պարտվողական իրավիճակում՝ զրկելով նրանց իրենց ինքնիշխան իրավունքներից թույլ և փոքրացած տարածքում, քանի որ Իսրայելը շուտով Արևմտյան ափի հրեական բնակավայրերը կհայտարարի որպես իսրայելական տարածք:
Պաղեստինի ոչ մի առաջնորդ չի մասնակցել հունվարի 28-ին Սպիտակ տանը կայացած արարողությանը։ Պաղեստինի իշխանության առաջնորդ Մահմուդ Աբասը մերժեց «դարի գործարքը»՝ այն անվանելով «դարի ապտակ»: Նա նաև հրաժարվեց ընդունել Սպիտակ տան կողմից առաջարկվող  50 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը: Աբասն ասաց․ «Թրա՛մփ, Եուսաղեմը չի վաճառվում։ Մեր իրավունքները չեն վաճառվում»։ Արաբական 22 երկրներից միայն Բահրեյնի, Օմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանները մասնակցեցին Սպիտակ տան արարողությանը:
Փետրվարի 1-ին Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարները միաձայն բանաձև ընդունեցին՝ մերժելով Թրամփի իսրայելա-պաղեստինյան «խաղաղության ծրագիրը», նշելով, որ «այն չի բավարարում Պաղեստինի ժողովրդի իրավունքների և ձգտումների նվազագույն մակարդակը»:
Միասնականության հազվագյուտ նշանով, Աբասն անցյալ շաբաթ հանդիպեց Համաս շարժման, Պաղեստինի ազատագրման կազմակերպության և իսլամական ջիհադի առաջնորդների հետ՝ միասնական դիրքորոշում ձևավորելու Թրամփի «խաղաղության ծրագրի» դեմ: Եթե «խաղաղության ծրագիրը» ծառայեց որևէ բանի, ապա՝ բազմազան և հաճախ հակամարտող պաղեստինյան խմբավորումների միավորմանը։
Անցյալ շաբաթ Սպիտակ տան արարողության ավարտին Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի մզկիթներն սկսեցին Ղուրանից մի հատված հեռարձակել, որը նախազգուշացնում է. «Մի հնազանդվիր անհավատներին և կեղծավորներին»:
Տասներկու դեմոկրատ սենատորներ համատեղ նամակ ստորագրեցին ուղղված Սպիտակ տանը՝ քննադատելով «խաղաղության ծրագիրը», որպես «միակողմանի [և] ոչ օրինական փորձ խաղաղության առաջխաղացման համար: Դա բաղադրատոմս է տարածաշրջանում նոր բաժանման և բախման համար»։ Նախագահի բոլոր դեմոկրատ թեկնածուները դեմ են արտահայտվել Թրամփի «խաղաղության ծրագրին»՝ քննադատելով այն որպես «միակողմանի քայլ», որը դուրս է թողնում պաղեստինցիներին։ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը ևս դատապարտել է «խաղաղության ծրագիրը»․ «պաղեստինյան գրավյալ տարածքների մեծ մասի միակողմանի բռնակցումը Իսրայելին, պաղեստինցիներին առաջարկում է մասնատված պետականություն՝ առանց նրանց սահմանների վերահսկողության: Ծրագիրը խախտում է երկու պետությունների մասին որոշումը՝ հիմնված 1967 թվականի սահմանների վրա․․․»։
«Խաղաղության ծրագիրը», ըստ էության, հակասում է Իսրայելի ազգային շահերին՝ ըստ շատ ամերիկացի հրեաների և իսրայելցիների, որոնք կոշտ կերպով քննադատել են Թրամփի ծրագիրը։ Կարծես թե Իսրայելի ղեկավարները չեն հասկանում, որ որքան շատ են թշնամացնում պաղեստինցիներին, այնքան ավելի են երկարացնում ռազմական գործողությունները՝ շարունակելով ապրել պատերազմի ու ահաբեկչության պայմաններում․․․
Իսրայելի «Խաղաղություն հիմա» ամենամեծ և ամենահին շարժումը, որը հանդես է գալիս հասարակական ճնշման միջոցով խաղաղության հաստատման օգտին, իր կայքում հայտարարել է, որ Թրամփի «խաղաղության ծրագիրը» «ոչ միայն անտեսում է խաղաղության առաջխաղացումը, այլև կարող է լրջորեն վնասել իրական խաղաղության հեռանկարներին երկու կողմերի համար»։
Ամերիկյան հրեական «Ջեյ սթրիթ» (J Street) ազատամիտ լոբբիստական խումբը դատապարտել է խաղաղության գործարքը, քանի որ այն «զրոյական հնարավորություն ունի որպես հիմք ծառայելու նորացված դիվանագիտության համար․․․․ Դա տրամաբանորեն գագաթնակետն էր այն բազմաթիվ անբարեխիղճ քայլերի, որ այս վարչակազմը ձեռնարկել է իսրայելյան աջակողմյան օրակարգը հաստատելու համար»:
Հրեական առաջնորդությամբ գործող «Ամերիկացիները հանուն խաղաղության հիմա» կազմակերպությունը «խաղաղության ծրագիրը» հայտարարել է «բաղադրատոմս աղետների, բռնակցման, Արևմտյան ափի իսրայելական գրավման հավերժացման, իսրայելա-պաղեստինյան հակամարտության հավերժացման, և տառապանքների ու արյունահեղություն համար»։
Հուսանք, որ նախագահ Թրամփի «խաղաղության ծրագիրը» երբեք իրականություն չի դառնա։ Ե՛վ իսրայելցիները, և՛ պաղեստինցիները պետք է դատապարտեն բռնությունը և նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ գտնելու իրենց երկարատև հակամարտության խաղաղ կարգավորման լուծումը: Նրանք երկուսն էլ պետք է խուսափեն միջնորդների միջամտությունից, որոնք ավելի շատ հետաքրքրված են ոչ թե արաբների կամ իսրայելցիների, այլ իրենց սեփական շահերով․․․

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիների մոտ Նոր կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել. ԱՀ ԱՆ

Search