Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ տարբերանշանի նոր տարբերակի մասին գրառում է կատարել:
ՀՀ ՊՆ-ն արձագանքել է նոր տարբերանշանի տարբերակի վերաբերյալ քննարկումներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում օրերս քննարկման առարկա դարձած ՀՀ ՊՆ տարբերանշանին: Նա մասնավորապես նշել է, որ նախագիծ է, դեռ պաշտոնական և վերջնական չէ: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Երեկ շատ քննարկվեց այս թեման։
Ես գիտեմ, որ բոլորս միաժամանակ մասնագետ ենք տիեզերքից մինչև բալետ ու ֆուտբոլ։ Բայց խնդրում եմ մինչև վերջ կարդալ։ Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ։
Եթե մի կողմ թողնենք մեր անձնական կարծիքները, ապա այստեղ կարևոր է մի քանի հանգամանք։
1. Սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։
2. Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։
3. Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՊՆ նոր տարբերանշանի լուսանկարը և գրել.
«Սա ՀՀ պաշտպանության նախարարության նոր տարբերանշանն է։ Խնդրում եմ չշփոթել ՀՀ ԶՈւ զինանշանի հետ, որը հաստատվել է 2001թ. ՀՀ Նախագահի կողմից։ Տարբերանշանի հեղինակը ՀՀ ՊՆ զինանշանագրային բաժինն է»։
Նշենք, որ դեռ երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվում ՀՀ ՊՆ զինանշանի փոփոխման մասին: Մասնավորապես ֆեյսբուքյան օգտատեր Մարինա Մանուչարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՊՆ տարբերանշանի նոր տարբերակի լուսանկարը՝ նշելով, որ սա ՀՀ ՊՆ-ի նոր լոգոն է:
ՊՆ տարբերանշանի փոփոխման թեմային անդրադարձել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը.
«Պարզապես խնդրում եմ այս զինանշանի փոփոխությունը չիրականացնել։ Ամեն ինչի ֆուտուրիստականը չէ որ լավ է... Հ.Գ. պատկերացրեք մի պահ այս ֆուտուրիզմը զինվորական համազգեստի շևրոններին»,- գրել է Վարոսյանը: