Artsakhpress

Քաղաքական

ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները գոհ են երկխոսության մակարդակից

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 23-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ:

ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները գոհ են երկխոսության մակարդակից

ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները գոհ են երկխոսության մակարդակից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման սկզբում Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի՝ Հայաստանում ներկայացուցչություն հիմնելու որոշման համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով, որ այցի օրն առավոտյան Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին
«Ողջունելով իր գործընկերոջը՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան: Մենք ականատեսն ենք մեր երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Ունենք շատ լավ երկկողմ օրակարգ, որը ներառում է տարբեր ոլորտներ, մենք առևտրի ու տնտեսական ոլորտներում, քաղաքական երկխոսության առումով արձանագրել ենք լավ ցուցանիշներ: Այս այցը կոչված է ակտիվացնելու մեր երկխոսությունը. ակնկալվում է բարձր մակարդակի այցերի շարունակականություն: 
Մենք պատրաստակամ ենք ձևավորելու հարթակ մեր հասարակությունների, ժողովուրդների միջև տարբեր բնագավառներում սերտ համագործակցության համար, ինչպիսիք են՝ առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության ոլորտները: 
Լինելով գրեթե երկու տարվա կառավարություն՝ մենք խիստ հետևողական ենք՝ շարունակելու բարեփոխումների գործընթացն ընտրությունների ընթացքում մեր հասարակությունից ստացած լայն մանդատի հիման վրա: Մեր ջանքերը ստանում են նաև միջազգային աջակցություն, ունենք ուժեղ հանձնառություն, լուրջ տրամադրվածություն՝ շարունակելու այս ուղղությամբ համագործակցությունը նաև մեր գործընկերների հետ: 
Ձեր այցը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ ականատես ենք հետաքրքիր զարգացումների տարածաշրջանում և աշխարհում, ինչը նույնպես հանդիսանալու է մեր այսօրվա օրակարգի մաս: Ջերմորեն ողջունում եմ Ձեզ և ակնկալում եմ արդյունավետ քննարկում»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկն ընդգծեց. «Ինձ համար սա մեծ պատիվ է, և ուրախ եմ լինել Նիդերլանդների առաջին ԱԳ նախարարը, ով այցելում է Հայաստան: Մենք խիստ հետաքրքրված ենք այստեղ տեղի ունեցող զարգացումներով և շատ ենք կարևորում այն առաջընթացը, որին ականատես ենք եղել այս տարիների ընթացքում»: 
Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով վերջինիս հետագա ամրապնդման ուղղությամբ քայլերի կարևորությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման միջոցով:
Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում արտգործնախարարներն ուղենշեցին առկա մեծ ներուժի լիարժեք կիրառման համար ձեռնարկվելիք քայլերը՝ որպես հեռանկարային ուղղություններ, ի թիվս այլոց, առանձնացնելով խելացի կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության,  գյուղատնտեսության, բանկային ոլորտները:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ երկուստեք արժևորվեց  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների կարգավորման համար: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի համար՝ ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնային նշանակությունը: 
Իր նիդերլանդացի գործընկերոջը ներկայացնելով ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործընթացը՝ նախարար Մնացականյանը կարևորեց այդ օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային և տարածաշրջանային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը և առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը Ստեֆ Բլոկին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։
Հանդիպման ավարտին Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: 
Այցի օրն առավոտյան Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -69-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search