2020 թվականին ԱՀ արդարադատության նախարարության գործունեության համար ուղենիշ են հանդիսանալու Արցախի Սահմանադրությունը, ԱՀ Նախագահի 2017-2020 թթ. ծրագրի դրույթները:
2020 թ.-ին կշարունակվի օրենսդրությունը ԱՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացը. Արարատ Դանիելյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ աշխատանքներ են իրականացվելու օրենսդրության մշակման, կատարելագործման, առկա բացերի լրացման և գործող օրենքները ԱՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացը շարունակելու ուղղությամբ: «Օրենսդրության կատարելագործման ոլորտում կներդրվեն բոլոր միջոցները՝ ընթացիկ օրենսդրության մեջ արտացոլելու միջոցով կենսագործելու մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և պետական կառավարմանը վերաբերող Սահմանադրությամբ ամրագրված դրույթները: Գործուն և համակարգային բնույթ կկրեն համակարգի ստորաբաժանումների գործունեության նկատմամբ տարվող հսկողությունը, դրա կազմակերպչական և մեթոդական կառավարումը, պրակտիկ օգնության ցուցաբերումն ու ստուգումների իրականացումը, վերհանված թերությունների և բացթողումների քննարկումն ու դրանց վերացման համար համապատասխան միջոցների կիրառումը: Նախարարության կողմից կշարունակվի հասարակության իրավագիտակցության բարձրացմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, քաղաքացիների՝ իրենց իրավունքների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված հետևողական միջոցառումների իրականացումը»,- մանրամասնել է Ա. Դանիելյանը:
Նախարարը նշել է, որ 2020 թվականին նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի՝ նախարարության իրավասությանը վերապահման հարցը, անհրաժեշտ օրենսդրական հիմք նախապարտաստել համակարգային փոփոխությունների իրականացման համար: Նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման արդյունավետության բարձրացան նպատակով նախատեսվում է ընդլայնել Էլեկտրոնային եղանակով հարցումների կատարման շրջանակը:
«Նախարարության խնդիրներից մեկը բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումն է, հետևաբար շարունակվելու են աշխատանքներն՝ ուղղված նոտարիատի, քաղաքացիական կացության ակտերի և իրավաբանական անձանց պետական գրանցման, դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտներում վարչարարության արդյունավետության բարձրացմանը, ժամկետների կրճատմանը և քաղաքացիների սպասարկման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչը կնպաստի բյուրոկրատական քաշքշուկները և քաղաքացիների համար առավել անհարմարություն ստեղծող գործառույթների վերացմանը»,- ավելացրել է Ա. Դանիելյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-: