Այսօր՝ հունվարի 23-ին, ԱրՊՀ-ում Արցախի և Գորիսի պետական համալսարանների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Արցախի և Գորիսի պետական համալսարանների միջև համագործակցության հուշագիր է կնքվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է ԱրՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարինե Սառաջյանը: Նրա խոսքով՝ հուշագիրը ստորագրել են Արցախի մայր բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը և Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր Թեհմինա Մարությանը՝ հիմք ընդունելով միջբուհական համագործակցության ապահովման, գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, կարևորելով համագործակցության հուշագրի կնքումը, նշել է, որ փաստաթղթով ամրագրվում են այն կարևոր կետերը, որոնք առանցքային են գիտակրթական կյանքն արդյունավետ կազմակերպելու գործում:
Ռեկտորը հուշագրի կնքումը կարևորել է նաև բուհերի հավատարմագրման գործընթացի համատեքստում` համարելով այն անհրաժեշտ դրույթներից մեկը երկու բուհերի համար: Իր հերթին Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր Թեհմինա Մարությանը հուշագրի կնքումը կարևորել է Սյունիք-Արցախ տարածաշրջանային գիտակրթական կապերի ամրապնդման, հարավային ակադեմիական միջավայրի ձևավորման և ռազմավարական նշանակության տեսանկյունից: