Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ունակ է զանազան տեղեկատվական միջոցառումներ իրականացնելով սեփական հանրությանը ներշնչել, որ դրսի ուժերը օժանդակել են հայերին «զավթելու» Ղարաբաղը, այդ կերպ կոծկելով սեփական անհաջողությունները միջազգային դիվանագիտությունում և ռազմի դաշտում:
Ադրբեջանում ակտիվացել է հակաիրանական հիստերիան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որդեգրած հերթական ապատեղեկատվական քարոզը զարգացնելու համար հարմար առիթ հանդիսացավ իրանցի գեներալ Ղ.Սուլեյմանիի սպանությունը, որին անմիջապես արձագանքեցին Ադրբեջանում:
Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի աշխատակիցՅ.Գարագոյունլունհայտարարել է, որ իրանական պետական քարոզչությունն ակտիվորեն աշխատում է, սոցցանցերում մի շարք օգտատերերի (մոտ 400) միջոցով իրականում ընթանում է հակաադրբեջանական քարոզչական պատերազմ: Նշել է, որ այդ օգտատերերն Ադրբեջանին անվանում են «Բաքվի պետություն», իսկ Ապշերոնը՝ «Թաթիստան» (տեղաբնակ պարսիկների անվանում), ԱՀ հարավային շրջանը՝ «Թալիշստան», իսկ «Ադրբեջան» անվանման փոխարեն կիրառում են «Շիրվան», «Արան», «Նախիջևան» անվանումները: Յ.Գարագոյունլուն ընդգծել է, որ Ղ.Սուլեյմանիին սգացողների մեծ մասը հենց Իրանի «5-րդ շարասյունն է»:
Ադրբեջանական իշխանամետ մամուլը, զարգացնելով հակաիրանական դրսևորումները, հղում է անում իրանցի պաշտոնաթող գեներալՄանսուր Հագիգատպուրիմեկնաբանությանը առ այն, որ 1992-1993 թվականներին իրանական կողմն է փրկել Ադրբեջանի ազգաբնակչությանը հայկական ուժերի առաջխաղացումից, հակառակ դեպքում հայերը կհասնեին մինչև Բաքու: «Ամերիկայի Ձայն» ադրբեջանական ծառայության կայքում զետեղված հրապարակման մեջ ասվում է, որ եթե կրկին պատերազմ սկսվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, առաջին երկիրը, ով օգնություն կցուցաբերի Հայաստանին և թիկունքից կհարվածի մեզ (Ադրբեջանին), կլինի Իրանը: Տվյալ դեպքում էլ ադրբեջանական կողմը ցեխ է շպրտում Իրանի ռազմաքաղաքական գործիչների վրա, որոնք նուրբ դիվանագիտական հմտություններ կիրառելով փորձում են հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ:
Այդպիսով, Ադրբեջանը միտումնավոր զարգացնում է Իրանի հետ հարաբերություններում լարվածություն, Իրանում ստեղծված ճգնաժամը օգտագործում է Արևմուտքին հաճոյանալու և սեփական նշանակությունն ընդգծելու համար, քաջ գիտակցելով, որ Արևմուտքը բարեկամական տրամադրված չէ Իրանի նկատմամբ և հնարավոր է աջակցի Ադրբեջանին արտաքին և ներքին քաղաքականության հարցերում։
Ադրբեջանում գործող «Իրանցի քաղաքական միգրանտների» ընկերության մասնաճյուղը ևս մեկ ադրբեջանական ազգայնական խմբավորում է, որն աշխատում է Իրանի դեմ: Չնայած նրան, որ այդ խմբավորումը կրում է իրանական անվանում, այն գտնվում է Բաքվում և գործում է Ադրբեջանի կառավարության աջակցությամբ։
Ադրբեջանի հակաիրանական դրսևորումները ակտիվացել են նաև նրա սահմաններից դուրս: ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դիվանագիտական կորպուսի որոշ ներկայացուցիչներ համարում են, որ միակ մարդը, ով ունակ էր Իրանում հեղափոխություն իրականացնելու և իշխանություններին հակադարձելու, դա գեներալ Սուլեյմանին էր, որի ֆիզիկական ոչնչացումը այնքան էլ չի հուզել պաշտոնական Թեհրանին: Նման ապատեղեկատվության տարածումով ադրբեջանական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հստակ հաղորդագրություն են հղում ԱՄՆ պատկան մարմիններին, առավել կոշտ քայլերի դիմելու Իրանի նկատմամբ, չսահմանափակվելով տնտեսական պատժամիջոցներով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-: