Artsakhpress

Քաղաքական

Ինչպես կկազմակերպվեն համապետական ընտրությունները. ԿԸՀ-ն նիստ է հրավիրել

ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում հաստատել է ԱՀ Նախագահի և Ազգային ժողովի 2020 թ.-ի մարտի 31-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Ինչպես կկազմակերպվեն համապետական ընտրությունները. ԿԸՀ-ն նիստ է հրավիրել

Ինչպես կկազմակերպվեն համապետական ընտրությունները. ԿԸՀ-ն նիստ է հրավիրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով հիմնական միջոցառումների ժամանակացույցը՝ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն ասել է, որ համապետական նշանակության երկու՝ ԱՀ Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական փուլը ենթադրում է բավական ծավալուն աշխատանք: Այդ առումով անելիքներ կան թե՛ ընտրական հանձնաժողովների, և թե՛ ընտրության մասնակից թեկնածուների ու քաղաքական ուժերի կողմից:
ԱՀ նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, ընդհանուր առմամբ, ընդգրկում է շուրջ 84 հիմնական գործողությունների կատարում (միջոցառումների անցկացում):
Ս. Արզումանյանը նշել է, որ, այսօրվանից սկսած, թեկնածուները, կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուները իրավունք կունենան ԱՀ Ոստիկանությունից ստանալու տեղեկանք՝ իրենց քաղաքացիության և կեցության ցենզի վերաբերյալ: Խոսքը վերաբերում է երկրի նախագահի թեկնածուների դեպքում 10 տարի քաղաքացի հանդիսանալու և վերջին 10 տարում Արցախում մշտապես բնակվելու, իսկ պատգամավորի թեկնածուների դեպքում՝ 5 տարի քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքներին:
«Ընտրությունների մեկնարկը ընտրությունների մասնակիցներին իրավունք է վերապահում բացել նախընտրական շտաբեր, որոնք էլ հենց այսօրվանից կարող են բացել: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը, ինչպես նաև հանրապետության նախագահի թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող վերգետնյա հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը պետք է հրապարակվի ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո: Այսինքն՝ մինչև հունվարի 30-ը պետք է վճարովի եթերաժամի գինը հրապարակվի»,- ավելացրել է ԿԸՀ Նախագահը:
Նրա խոսքով՝ համայնքների ղեկավարներին շրջանների վարչակազմի ղեկավարների միջոցով Ստեփանակերտի քաղաքապետի կողմից պետք է թեկնածուներին, կուսակցություններին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկ կազմվի, և այն կներկայացվի ԿԸՀ-ին: Կայքում հասանելի կլինի բոլոր այն դահլիճների, շինությունների ցանկը, որտեղ ընտրության մասնակից թեկնածուները և կուսակցությունները կարող են հանդիպումներ կազմակերպել: Ցանկի տրամադրումը պետք է ներկայացվի մինչև փետրվարի 2-ը:
Համայնքի տարածքում քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ բնույթի նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին որոշում պետք է ընդունվի համայնքի ղեկավարների կողմից մինչև փետրվարի 16-ը:
Ընտրացուցակները տեղամասային կենտրոնում բոլորի համար տեսանելի տեղում կփակցվեն քվեարկության օրվանից 40 օր առաջ: Ցուցակները պետք է հասանելի լինեն մինչև փետրվարի 20-ը: ԿԸՀ պաշտոնական կայքում ընտրողների ռեգիստրը թարմացրած տարբերակով արդեն իսկ հասանելի է: Մի քանի օրից ԱՀ Ոստիկանության կողմից տրամադրված համապատասխան տեղեկատվության հիման վրա այն կրկին կթարմացվի:
Ս. Արզումանյանը տեղեկացրել է, որ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփվում, արձանագրությամբ վավերացվում, Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապաես հրապարակվում են քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո: Համապետական ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի ԿԸՀ-ն՝ տեղամասերից ստացված տեղեկությունների հիման վրա: Ընտրության արդյունքները կամփոփվեն և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը՝ ապրիլի 7-ին: Ս. Արզումանյանը նշել է, որ, բնականաբար, օրենսդիր մարմինը երկրորդ փուլի հավանականություն նախատեսում է: Անհրաժեշտության դեպքում՝ կսահմանվի առանձին ժամանակացույց:
Ի դեպ, առաջին անգամ կիրականացվի քվեարկության մասնակցած ընտրողների ցուցակների սկանավորում: Գործընթացը կիրականացվի ընտրությունների ավարտից հետո: Սկանավորված ցուցակները հասանելի կլինեն տարածքային ընտրական հանձնաժողովներում:
ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում են մասնագիտական դասընթացներ: Դրանց մասնակցելու համար հայտերի ընդունումը սկսվել է և 1-շաբաթյա ժամկետում պետք է նրանք, ովքեր ցանկություն ունեն ընդգրկվելու տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում, ներկայացնեն հայտերը, որից հետո մասնակցեն մասնագիտական դասընթացների, ստանան համապատասխան վկայականներ: Մասնագիտական դասընթացները կկազմակեպվեն փետրվար ամսվա ընթացքում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search